Հայաստանում հարուստ իշխանավորներները սիրում են վայրի կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ, վագրեր պահել։ Այդ մասին պատմող Еurasianet.org֊ի թղթակից Մարիաննա Գրիգորյանի հոդվածը երեկ արտատպել է բրիտանական հեղինակավոր «Գարդիան» պարբերականը։ «Գարդիանի» ընթերցողները հոդվածը տարբեր կերպ են մեկնաբանել։ Մեկնաբանությունների հեղինակների մի մասը պնդում է, որ Հայաստանի կարգի աղքատ երկրում, որտեղ մարդիկ սոված են, չի կարելի թույլ տալ նման շքեղ հոբբիներ հարուստների համար։
«Որքան իմաստուն են հարուստերը… մինչդեռ Հայաստանի ժողովուրդը սովամահ է լինում, ամոթ, ամոթ, ամոթ»,֊գրել է օգտատերերից մեկը։
Մեկնաբանողներից ոմանք էլ արդարացրել են տնային պայմաններում վայրի կենդանիներ պահելու պրակտիկան։ Նման կարծիք ունեցողները պնդում են, որ որոշ վերացող կենդանիների տեսակները պահպանելու միակ ձևը նրանց համար ապրելու լավ պայմանների ապահովումն է։
«Անկեղծ ասած, նման կիրառությունը միակ ձևն է այս կենդանիներին վերացումից փրկելու։ Սրիկաները նրանք են, ովքեր սպառում են բնության բարիքները», ֊ գրել է մեկ այլ օգտատեր։
Մեկնաբանություններում կար նաև կարծիք, համաձայն որի հոդվածը պատվիրված է դրամաշնորհներ տվող միջազգային կազմակերպությունների կողմից և չի արտացոլում իրականությունը։
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ հոդվածը պատրաստվել էր՝ ՀՀԿ֊ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևանների բողոքները հիմք ընդունելով։ Հարևաններին անհանգստացնում է Սեդրակյանի առյուծների մռնչյունը։
Հեղինակը նշում է նաև, որ դա վայրի կենդանիներ պահելու առաջին և միակ դեպքը չէ, և այդ հոբբին ընդունված է Հայաստանում և թույլատրվում է օրենսդրությամբ։ Քաղաքացիներն իրավունք ունեն վայրի կենդանիներ պահել, ներառյալ՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ, եթե ի վիճակի են կենդանիներին համապատասխան տարածքով և կերակուրով ապահովել և բացառել փախուստը։
«Էկզոտիկ կենդանիներ պահելու հոբբի ունեցողներից է նաև Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը: 2009-ին YouTube-ում մի տեսանյութ էր հայտնվել, որը, համաձայն տարածված կարծիքի, նկարահանվել էր նրա մասնավոր գազանանոցում: Տեսանյութում ավանակին գցել էին առյուծների վանդակը: Ծառուկյանի մամուլի քարտուղարը հերքել էր, թե տեսանյութը նկարահանվել է նրա գազանանոցում, բայց ասել էր, որ նա ավելի քան տասը առյուծներ և սպիտակ վագրեր ունի, որոնք ապրում են գերազանց պայմաններում: Ծառուկյանը միակը չէ: Պաշտպանության նախկին փոխնախարար, «Երկրապահ կամավորականների միության» ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր մասնավոր գազանանոցում առյուծներ, վագրեր, արջեր և տարբեր տեսակի վայրի թռչյուններ է պահում»,֊ գրում է Մարիաննա Գրիգորյանը։