ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված՝ Հայաստանի առաջին հազար հարկատուների ցանկից ակնհայտ է դառնում, որ ստվերի դեմ հայտարարված պայքարը չի վերաբերում մի քանի «հետաքրքիր» գործարարի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«ՀԺ»֊ն նշում է, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Մեգաֆուդ», «Մեգասպորտ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս» և «Ապեյրոն» ընկերություններն այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազեցրել են հարկերը 3.1 տոկոսով՝ վճարելով 1 միլիարդ 346 միլիոն դրամի հարկ։
«Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով:
Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել», – գրում է թերթը։
Խոշոր հարկատուների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 9 ամսվա ընթացքում վճարել է 30 միլիարդ 188 միլիոն դրամ, երկրորդը՝ «Ղ֊Տելեկոմ» ընկերությունը՝ 22 միլիարդ 150 միլիոն դրամ, երրորդը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 14 միլիարդ 752 միլիոն դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում