Home / Հայաստան / Վրաստանում վերաձևավորում են պաշտպանության ոլորտը, դիվանագիտությունն ու «երազանքը»

Վրաստանում վերաձևավորում են պաշտպանության ոլորտը, դիվանագիտությունն ու «երազանքը»

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր՝ նոյեմբերի 5֊ին, հայտարարել է իր հրաժարականի մասին։ Փանջիկիձեի հետ ԱԳՆ֊ից հեռացել են նախարարի տեղակալներ Դավիդ Զալկալիանին, Թամար Մերուչաշվիլին և Դավիդ Ջալագանիան։ Բացի դա, Փանջիկիձեն հայտարարել է, որ հեռանում է նաև «Վրացական երազանք» կուսակցությունից։

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, ով դատախազությանը մեղադրել է Ռուսաստանի շահերի օգտին գործելու ու պաշտպանական կառույցները փլուզելու փորձի մեջ։

Georgia Online֊ի փոխանցմամբ, Ալասանիայի պաշտոնանկությունից անմիջապես հետո «Մաեստրո» հեռուստաընկերության ուղիղ եթերում իր հրաժարականի մասին է հայտարարել Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։

Արդեն այսօր Վրաստանի վարչապետը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է Մինդիա Ջանելիձեին, ով մինչ այդ զբաղեցնում էր Պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնը։