ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վահագն Մուրադյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի է ենթարկել կալանավոր Սրապիոն Արթենյանին: Այս մասին «Փաստինֆո» գործակալությանը հայտնել են կալանավորի հարազատները՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հարցաքննության սենյակից դուրս գալուց հետո` միջանցքում, այն արձանագրվել է տեսախցիկներով, բացի դա, ծեծի ժամանակ ներկաներ են եղել:
«Քրեակատարողական հիմնարկում արդեն հարցաքննությունն ավարտած են լինում, ճանապարհին, պաշտպանն է լինում, ուղեկցողներն են լինում` ՔԿՀ-ի աշխատակիցները, քննիչը տեսախցիկների առկայությամբ, հարվածում է Սրապիոնին։ Քննիչն անընդհատ Սրապիոնին ստիպել է, որ իր ուզածը գրի, Սրապիոնն էլ ասել է՝ միակողմանի քննություն ես տանում, քննիչը դրանից կատաղել ու հարվածել է որդուս», – պատմել է Սրապիոնի մայրը՝ Մարիամ Արթինյանը:
Դրանից հետո, մարմնական վնասվածքներ ստացած Սրապիոնին, ըստ հարազատների, տեղափոխել են խուց՝ «մի քանի անգամ բժիշկ է գալիս նրա մոտ, էլի նորից ասում է՝ գլխացավեր ունեմ, դեղեր են տալիս»:
Տեղի ունեցածի մասին տեղեկանալով` կալանավորի հարազատները դիմել են ԱԱԾ։
Նոյեմբերի 5-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):