ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է կառավարությանը կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 պահանջներին, չնայած կետերի վերաբերյալ կառավարությունն իր պատասխանն արդեն հնչեցրել է։ Այս մասին Սարգսյանն ասել է երեկ «Արմենպրես» գործակալության հետ զրույցում։
«Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է և բոլորին հայտնի է, որ կառավարությունը նաև մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել․․․ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը: Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին», ֊ ասել է Սարգսյանը: