Home / Հայաստան / Համաձայն լուսանկարների և տեսանյութի, Սերժ Սարգսյանն անտեսել է Ադրբեջանի արգելքը

Համաձայն լուսանկարների և տեսանյութի, Սերժ Սարգսյանն անտեսել է Ադրբեջանի արգելքը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Դատելով ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած լուսանկարներից՝ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտ է ժամանել ուղղաթիռով։ Երեկ երեկոյան՝ նրանից հետո, երբ ադրբեջանական ուժերը խոցեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի ուղղաթիռը, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացված հողերի օդային տարածքը փակ է հայտարարել և այդ մասին տեղեկացրել է քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը»։

«Հայաստանին պատկանող ուղղաթիռների անօրինական ներխուժումը Ադրբեջանի օդային տարածք Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող օկուպացիայի և ագրեսիայի քաղաքականության շարունակությունն է», ֊ նշել էր Ադրբեջանի ԱԳՆ֊ն։

Այսօր ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը լուսանկարներն է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանն իջնում ուղղաթիռից և նրան ողջունում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, իսկ panorama.am կայքը տեսանյութ է տարածել։

2helicoptersargsyan

1helicoptersargsyan

Համաձայն ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության, Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները: