Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից, ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը», ֊ նշվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացված հողերի օդային տարածքը փակ է հայտարարել և այդ մասին տեղեկացրել է քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը»։
«Հայաստանին պատկանող ուղղաթիռների անօրինական ներխուժումը Ադրբեջանի օդային տարածք Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող օկուպացիայի և ագրեսիայի քաղաքականության շարունակությունն է», ֊ նշում է Ադրբեջանի ԱԳՆ֊ն՝ հավելելով, որ «լարվածության պահպանման հիմնական պատճառը Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությունն է»։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, իր հերթին, ուղղաթիռը խոցած զինծառայող Իլկին Մամեդովին պարգևատրել է «Զինվորական ծառայության ընթացքում տարբերվելու համար» III աստիճանի շքանշանով։