հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարությունը հավանություն է տվել սահմանամերձ գյուղերին աջակցելու օրինագծին

Կառավարությունը հավանություն է տվել սահմանամերձ գյուղերին աջակցելու օրինագծին

Այսօր արտահերթ նիստի ընթացքում ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որը կարգավորում է կառավարության հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

Ինչպես հայտնում է կառավարության կայքը, օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նախագծի ևս մեկ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:

Այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:

Համաձայն օրենքի, սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը: