հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հրդեհ Մարզահամերգային համալիրում․ ՀԵՀ֊ը պնդում է՝ արտառոց դեպք չի եղել

Հրդեհ Մարզահամերգային համալիրում․ ՀԵՀ֊ը պնդում է՝ արտառոց դեպք չի եղել

Նոյեմբերի 17-ին, երեկոյան 21։20֊ի սահմաններում Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հրդեհ է բռնկվել։ ՀՀ ԱԻ նախարարության կայքի համաձայն, ծուխ է նկատվել համալիրի դիմահարդարման սրահից։

Դեպքի վայր մեկնած հրշեջ֊փրկարարները հրդեհը մեկուսացրել է ժամը 22.44-ին, մարել՝ 23.26-ին:

Ամբողջությամբ այրվել է 2-րդ հարկում գտնվող շոգեբաղնիքը՝ 45 քմ և ջերմահարվել է հարևանությամբ գտնվող հանդերձարանը՝ 45 քմ մակերեսով: Դեպքի վայրում է եղել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Galatv.am կայքը նշում է, որ հրդեհի պահին համալիրում Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգ է եղել, որը կազմակերպել է ՀՀԿ֊ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած «Հայաստանի երիտասարդկան հիմնադրամը» (ՀԵՀ)։ Կայքը գրում է, որ համերգն անավարտ է մնացել, քանի որ հրդեհի պատճառով մարդիկ տարհանվել են։ Չնայած դրան, ԶԼՄ֊ները տարածել են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հաղորդագրությունը, որում ասված է․

«Ուսանողության միջազգային օրվա առթիվ Մարզահամերգային համալիրում հրավիրված համերգը կայացել է բարձր մակարդակով։ Ավելի քան 14 հազար երիտասարդ ռազմահայրենասիրական երգերի և պարերի ներքո մեծ ոգևորությամբ են նշել իրենց տոնը։ Միջոցառման ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել։ Համերգը սկսվել և ավարտվել է ըստ նախատեսվածի»։

Նշենք, որ 2012 թվականի մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաք-համերգի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթել էին փուչիկները, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներն էին ստացել։ Փուչիկները լիցքավորված էին եղել բնական գազով, իսկ դրանք պատվիրել էր Կարեն Ավագյանը։

Պայթյունի համար մեղադրվել էր փուչիկները վաճառած Սերոբ Բոզոյանը։ Վերջինս 1 տարվա ազատազրկման էր դատապարտվել, իսկ Վերաքննիչ դատարանը հետագայում որոշել էր վճիռը պայմանականորեն չկիրառել։