ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Կորեպանովը և Դմիտրի Աֆոնինը պատրաստում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել խորհրդային տարիներին Հայաստանի գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:
Գործարարները պնդում են, որ, հոր կապերը օգտագործելով և խարդախությունների դիմելով, Տեր-Հովսեփյանը քցել է իրենց ավելի քան 5 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Կորեպանովն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, որ Տեր-Հովսեփյանի հետ համատեղ բիզնես է նախաձեռնել 2005 թվականին: Նախկին դատախազի որդին ասել է, որ իր մայրը հող ունի Արամի 38 հասցեում, և այնտեղ կարելի է բարձրահարկ շենք կառուցել՝ պարզապես ներդրում անող չկա: Կորեպանովը համաձայնել է ներդրումներ անել, թեև կառուցվելիք շենքի հողատարածքի հասցեն փոխվել է, քանի որ Արամի փողոցի այդ հատվածը վերցվել է պետության կողմից Հյուսիսային պողոտան կառուցելու համար:
Կորեպանովի խոսքով՝ Տեր֊Հովսեփյանն իրեն համոզել է նաև հողը գնել, սակայն քանի որ ինքը ՀՀ քաղաքացի չէր, գործարքը պետք է արվեր ՍՊԸ֊ի միջոցով։
Գործընկերները ստեղծել են «Անասուր Ինվեստ» շինարարական կազմակերպությունը, սակայն հետագայում գործարքները Տեր-Հովսեփյանը նախընտրել է իր անունով անել: Ըստ Կորեպանովի՝ իր գործընկերը պատճառաբանում է, թե հային չեն համարձակվի քցել:
Այսպես, Կասկադի մոտակայքում 2006 թվականին սկսվել է բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը, որը դատարեցվել է փողի բացակայության պատճառով: Հետագայում Կորեպանովը Աֆոնինի հետ պատրաստ են եղել շարունակել կառուցել շենքը, սակայն պարզվել է, որ Տեր֊Հովսեփյանի անունով է ձևակերպված բաժնետոմսերի 65 տոկոսը և հողատարածքը, իսկ նախկինում ուղարկված գումարներն անհետացել են։ Կորեպանովն ու Աֆոնինը նշել են, որ այժմ էլ պատրաստ են ներդրումներ անել, եթե Տեր֊Հովսեփյանն իրենց վերադարձնի հողը կամ յուրացված գումարները։
Կորեպանովի խոսքով՝ ինքը անվերապահորեն վստահում էր հայ գործընկերոջը, և երբ իր մայրը ծանր հիվանդացել է և ինքը մեկնել է Մոսկվա, թղթաբանությունը վստահել է Տեր-Հովսեփյանին՝ պահանջելով միայն, որ ընկերության գործերով զբաղվեն հաշվապահական և իրավաբանական կազմակերպություններ:
«Ես չէի կարող կասկածել նրան, ես կասեցրեցի մի քաղաքացիական գործ, երբ նա նեղացած ասաց՝ եկել էի քո մոր թաղմանը և մորդ նկարն էի բռնել, ինչպես կարող ես ինձ մեղադրել քեզ քցելու մեջ», – ասել է Կորեպանովը:
Ռուսաստանցի գործարարների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն: ՀԿ-ի նախագահ Մարինե Պողոսյանը պատմել է, որ այս գործով բազմաթիվ քաղաքացիական հայցեր են ներկայացվել դատարան, սակայն Տեր-Հովսեփյանի դեմ ոչ մեկով վճիռ չի կայացվել: Այս փաստը պայմանավորված է նրանով, որ Տեր-Հովսեփյանն իրեն ուղարկված գումարները ձևակերպել է որպես «փոխառություններ», իսկ դատարանը հրաժարվում է վճիռ կայացնել, քանի որ 3 տարի վաղեմություն ունեցող փոխառությունները վերադարձի ենթակա չեն քաղաքացիական հայցի պահանջով։
Մենք փորձեցինք կապ հաստատել Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը ժամանակավորապես կասեցված էր: