Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ մոմեր վառեցին ու խունկ ծխեցրեցին՝ ի հիշատակ Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մի քանի տասնյակ անդամներն ու նրանց աջակիցները հավաքվել էին՝ ազդարարելու Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի միջոցառումների մեկնարկը։
Աշնան սկզբից Կոալիցիայի ներկայացուցիչները «Ընտանեկան բռնության մասին» ստորագրահավաք էին անցկացնում, որի պահանջն էր ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը։ 1000֊ից ավել մարդ ստորագրել էր պահանջի տակ․ Կոալիցիան 131 ծրար էր պատրաստել ԱԺ պատգամավորների համար, որից յուրաքանչյուրում օրենքի նախագծի տեքստն էր, պատգամավորին ուղղված նամակ և ստորագրահավաքի արդյունքները։
Հանրապետության հրապարակում ակցիայի կազմակերպիչները մոտ 30 րոպե մնացին։ Մոտ 2 տասնյակ քաղաքացիներ պահել էին պաստառները՝ ընտանեկան բռնությանը դեմ կոչերով և վերջին տարիներին Հայաստանում զոհված կանանց նկարներով։
Այնուհետև մեկնարկեց երթը, որի ընթացքում մասնակիցները իրազեկման թերթիկներ էին բաժանում անցորդներին։ Թերթիկը տեղեկացնում էր, որ Հայաստանում կանանց 2/3֊ն իրենց կյանքում գոնե մեկ անգամ ֆիզիկական բռնության են ենթարկվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Հակառակ մեր երկրում տարածված պատկերացումների՝ կնոջ նկատմամբ բռնությունը ոչ միայն ֆիզիկական բռնությունն է։ Գոյություն ունի նաև հոգեբանական բռնություն, օրինակ՝ սպառնալը, տնտեսական՝ գումարից զրկելը և սեռական, օրինակ՝ հակառակ կամքին որևէ տեսակի սեռական գործողություն կատարելը։
Անցորդներից ոմանք անտարբեր էին, ոմանք հարցնում էին երթի մասին, սակայն թեման իմանալով՝ արագ հեռանում էին, ոմանք էլ շարունակում էին հարցեր տալ։ Անցորդներից մի քանիսը նույնիսկ ինչ֊որ ժամանակով միացան երթի մասնակիցներին։ Ոստիկանների ուղեկցությամբ երթը հասավ Ազգային ժողով, մի քանիսը ներս մտան՝ ծրարները հանձնելու համար։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Epress.am֊ը ԱԺ մի քանի պատգամավորների շրջանում հարցում էր անցկացրել, որի ընթացքում նրանք հիմնականում ասել էին, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն ընդունելու անհրաժեշտություն չկա։