Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, Պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է նախարար Սեյրան Օհանյանը։
«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի», – ասել է Օհանյանը։
«Ազատության» հարցին, թե ինչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան զինվորականների ու իրավապահների համատեղ քննության արդյունքում, և հնարավո՞ր է արդյոք, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարական կազմի անդամներ, Օհանյանը պատասխանել է, որ քննությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտա՝ միաժամանակ ընդծելով՝ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։