Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվյալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը՝ մեկնաբանելով այն լուրը, թե Եվրամիությունն առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը:
Փոլի գնահատմամբ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որը հիմնված է նոր իրողությունների վրա։ Փորձագետը նշել է, որ թեև այդ համագործակցությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, այդուհանդերձ, ԵՄ-ի համար «տարածություն» դեռևս մնում է:
Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ՝ Փոլը նկատել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ ազդել են Հայաստանի վրա, որովհետև նվազել են դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում