Թուրքիայի Էդիրնե քաղաքի Թրակիայի համալսարանի՝ Հայոց լեզվի և գրականության բաժնի 16 ուսանողներն ստիպված են լինելու կիսամյակն ավարտել առանց եզրափակելու հայոց լեզվի դասընթացը, քանի որ համալսարանը դասընթացների համար դասախոսներ չի ապահովել, հայտնում է թուրքական Today's Zaman կայքը։
Հայոց լեզվի բաժինը համալսարանում բացվել է 2011 թվականին։ Համալսարանի ղեկավարությունը, սակայն, տարեսկզբին չի թարմացրել պայմանագրերը դասախոսների հետ։
Today's Zaman֊ի հետ զրույցում ուսանող Ահմեթ Դումանն ասել է, որ ուսումնական տարվա սկզբից ուսանողները հնարավորություն չեն ունեցել հաճախել հայոց լեզվի դասերն ու որ իրենց ասել են՝ դասախոսները հեռացել են համալսարանից․ «Մենք դարձել ենք իրավիճակի զոհերը։ Չենք կարող ավարտել կիսամյակն առանց քննությունները հանձնելու»։
Մեկ այլ ուսանող՝ Ռըդվան Սեյիթողուլլարը, համալսարանի ղեկավարությանը կոչ է արել լուծում տալ խնդրին․ «Նրանք խոստացել են մեզ տեղափոխել այլ բաժիններ, սակայն մինչ օրս նման բան չեն արել։ Չկան դասախոսներ՝ չկան դասընթացներ»։
Ուսանողներից ոմանք որոշել են հայոց լեզվի դասընթացները փոխարինել ռուսաց լեզվի դասերով։
Ֆակուլտետի դեկան Ռեջեփ Դույմազը թերթի թղթակցին հայտնել է, որ հայոց լեզվի դասախոսները նախընտրել են չերկարացնել իրենց պայմանագրերը համալսարանի հետ։ Դեկանի խոսքով՝ ղեկավարությունը ջանքեր է գործադրում նոր դասախոսներ գտնելու ուղղությամբ։