Home / Տեսանյութեր / Առանց աշխատանք և բնակարան․ Գյումրիի աղետի գոտու մասնիկն Արմավիրի մարզում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Առանց աշխատանք և բնակարան․ Գյումրիի աղետի գոտու մասնիկն Արմավիրի մարզում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Արմավիրի մարզի Արազափ գյուղի բնակիչ Սուսաննա Խալաթյանի խնդիրներն այսօրվա հայաստանյան առօրյայի անբաժան մասն են։ Ծագումով գյումրեցի, 1988 թվականի երկրաշարժից տուժած Խալաթյանը սոցիալական ծանր վիճակում է, աշխատանք չունի, Գյումրիում տուն ստանալու համար հերթի մեջ է, միակ որդին այժմ բանակում է, ձմեռվա ցախի համար դեռ պարտք է։

Խալաթյանը Epress.am-ի խմբագրություն զանգահարեց դեկտեմբերի 1-ին, ասաց, որ գյումրեցի է, տուժել է երկրաշարժից։ Նա խնդրեց իր տուն այցելել, պատմել՝ ինչ աղետալի վիճակում է ինքն ապրում։ Գյումրի մեկնելու որոշումն արագ կայացրեցինք, բայց անակնկալի եկանք, երբ փորձեցինք ճշտել Գյումրիում կնոջ հասցեն։ Նա ասաց, որ 20 տարուց ավել է՝ հանգրվանել է Արազափում, ու սպասում է, թե երբ իրեն բնակարան կտան կամ գումար կհատկացնեն, որ տեսնի, թե «ինչ է անում»։

Արազափն Էջմիածնի տարածաշրջանի գյուղ է, պաշտոնապես մոտ 1800 բնակիչ ունի, մարդիկ հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում։

Սուսաննան Epress.am-ի լրագրողական խմբին դիմավորեց գյուղի մանկապարտեզի շենքի մոտ։ 

16arazap

50-ականներին կառուցված շենքի մի մասը շարունակում է որպես մանկապարտեզ ծառայել, այդ հատվածը վերանորոգված է, մինչդեռ շենքի մյուս կեսը խարխուլ վիճակում է, այնտեղ մի քանի ընտանիքներ են ապրում։

13arazap           12arazap     17arazap 

Սուսաննայի տրամադրության տակ մեկ սենյակ է, անձրևների ժամանակ առաստաղից ջուր է կաթում, սենյակի կենտրոնում վառարան է դրված, անկյունում՝ 4 կուբամետր ցախ, որի մի մասի դիմաց է միայն վճարել, և մատակարարն ասել է, որ չվճարելու դեպքում՝ մնացածը հետ կտանի։

9arazap

7arazap

4arazap

2arazap

5arazap

Լույսը պարտքերի պատճառով կտրել են, այժմ իրեն միայն մեկ լամպ և հեռուստացույց միացնելու հնարավորություն են տալիս։ Ձմեռ է, և Սուսաննան ոչ մի տեղ չի աշխատում։ Նրա խոսքով՝ ամռանը վարձով հողատարածք էր վերցրել, ցանք էր արել, սակայն ջուր չունենալու պատճառով բերքը չի հաջողել, իր ցանած սեխի գինն էլ ցածր է եղել՝ կիլոգրամի համար 40 դրամ էին վճարում։ Հողատարածք վարձակալելու և բերք ստանալու փորձը, փաստորեն, ձախողվել է, կինը դեռ պարտք է հարևան գյուղի բնակիչներից մեկին պարարտանյութի համար։ Ասում է՝ մեկ անգամ խնդրել են, որ գումարը տա, բայց դրանից հետո դեռ ձայն չեն հանում։

Սուսաննա Խալաթյանը պատմեց նաև, որ ընտանիքում աշխատողը որդին է՝ Արմենը, վերջինս այժմ բանակում է, և ինքը միայնակ է ապրում։ Բանակից ազատված է եղել 4 տարի՝ նյարդերի հետ կապված հիվանդության պատճառով, սակայն, Սուսաննայի խոսքով, որդին ինքն է որոշել բանակ գնալ, որպեսզի չմնա «նիգոդնի բիլետով»։

11arazap

Խալաթյանների ընտանիքը հերթագրված է Գյումրիում բնակարան ստանալու համար, բայց թե սերտիֆիկատը կամ գումարը երբ կստանան, Սուսաննան չի պատկերացնում։ Մեր հարցին, թե արդյոք Գյումրի կտեղափոխվի բնակարան ստանալուց հետո, կինը բացասական պատասխան է տալիս։ Գյումրին լքել է, երբ 10-րդ դասարանում է եղել, բարեկամներ գրեթե չունի, բացի դա, «Գյումրիում ընդհանրապես գործ չկա»։ Արազափում էլ վիճակը նախանձելի չէ, բայց գոնե կարելի է փորձել հողագործությամբ օրվա հացը վաստակել։ Գյումրիում բնակարան ստանալու դեպքում, կփորձի վաճառել ու Արազափում ինչ֊որ բան գնել։

10arazap

Սուսաննան պատրաստ է շարունակել ապրել Արմավիրի մարզում, բայց եթե որդին բանակից վերադառնա, Ռուսաստան գնա ու կարողանա հաստատվել, դեմ չի լինի նաև արտագաղթել։

Մոտ 10 րոպե խոսեցինք կնոջ հնարավոր ապագայի մասին, մինչդեռ Սուսաննան դեռ պետք է ձմեռն ու գարունը մի կերպ անցկացնի, մինչև նրա որդին կվերադառնա բանակից։ Մեզ էլ գտել էր, որպեսզի փորձի իր խնդիրը բարձրացնել՝ «ինչ֊որ մեկը կարող ա լսի, մի բանով օգնի»։

26 տարի է՝ Հայաստանում աղետի գոտի կա, հազարավոր մարդիկ դեռևս բնակարան չունեն, չնայած 1988 թվականին ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովը խոստացել էր 2 տարում ամբողջովին վերակառուցել ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքները։ Գյումրիում Ռիժկովի անունով փողոց կա, նրան 2008 թվականին, չգիտես ինչու, Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհեցին։ Չնայած տարիների ընթացքում տարբեր իշխանավորների տված խոստումներին, մինչ օրս Գյումրիում Խալաթյանի նման վատթար պայմաններում բնակվող մարդիկ շատ կան, իսկ կան նաև մարդիկ, ովքեր աղետի գոտին «տեղափոխել են» Հայաստանի այլ վայրեր, մասնավորապես, Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Արազափ գյուղ։

Արմեն Մ․