Զորացրման ժամկետի փոփոխությունը զորակոչի համակարգի փոփոխության հետ է կապված: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ երկու տարի առաջ նոյեմբեր֊դեկտեմբերին ծառայության անցած զինվորներից շատերը դեռևս տուն չեն վերադարձել, ինչի վերաբերյալ Epress.am֊ին ահազանգել են զորացրման ենթակա երիտասարդներից մի քանիսի հարազատները։ Նրանք ենթադրում են, որ զորացրումը չի իրականացվում, քանի որ անհրաժեշտ թվով փոխարինողներ չկան։ Հովհաննիսյանը, սակայն, վստահեցնում է՝ այն, որ որոշ զինվորները 2 տարուց մեկ կամ մի քանի շաբաթ ավել պետք է ծառայեն, կապված չէ զորակոչային տարիքի երիտասարդների թվի կրճատման հետ:
«Սա պայմանավորված է նրանով, որ մենք Կրթության նախարարության խնդրանքով գարուն-աշուն զինակոչը փոխեցինք ամառ-ձմեռ զինակոչով, դրա համար մի ամիս, այսպես ասած, բաց մնաց: Սակայն եկող տարի այդ հարցը կլուծվի», – ասել է խոսնակը:
Հովհաննիսյանի խոսքով՝ զորացրումը կսկսվի դեկտեմբերի կեսերից, և կշարունակվի մինչև հունվարի կեսերը ամենաուշը, քանի որ զորակոչը ևս հունվարի կեսից է սկսվելու: