Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը:
Տնտեսագետ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ ԿԲ-ի նման քայլը տրամաբանական և իրավաչափ է ստեղված իրավիճակում, երբ դրամը արժեզրկվել է և իրավիճակին չմիջամտելը կարող է հանգեցնել վատ հետևանքների, օրինակ՝ ներկրվող ապրանքների գների զգալի բարձրացման:
Epress․am-ի հետ զրույցում Խաչատրյանն ասել է, որ դժվար է կանխատեսել, թե ԿԲ-ի միջամտությունը որքանով կաշխատի և սպասված արդյունքը կտա։ Արդյունքը կախված է նրանից, թե արտարժույթը ինչ գնով կվաճառվի և ինչ քանակությամբ:
«Նոյեմբերի 24-ին դրամի արժեզրկումից երկար ժամանակ չի անցել, բայց արդեն թանկացումներ շուկայում կան: ԿԲ-ն փորձում է ապահովագրել հասարակությանն ավելի մեծ թանկացումներից», ֊ ասել է Խաչատրյանը: