«Ռոբերտս երակներն ա կտրել, Անիս մի բուռ դեղ ա խմել, երկուսին էլ տարել են Հանրապետական հիվանդանոց»։ «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ «Աբովյան» ՔԿՀ֊ից այս մասին ահազանգել է դատապարտյալ Կարինե Այվազյանը։
Թերթը գրում է, որ հինգ երեխաների մայրն ալևս ազատություն չի տենչում՝ օգնություն է խնդրում սոցիալական ծանր պայմաններում հայտնված հիվանդ երեխաների համար։ 18֊ամյա Անին, որը, մոր պատմելով, մի բուռ դեղահաբ է խմել՝ ինքնասպանություն գործելու նպատակով, տնից դուրս չի գալիս հագուստ չունենալու պատճառով, 24֊ամյա Ռոբերտը տառապում է շաքարախտով, բացի դա, առավել լուրջ փաստի առաջ է կանգնել։
«Տղաս ամուսնացավ, Սոֆիին մեր տուն բերեց։ Սիրել էին իրար ու ամուսնացել։ Հիմա կինը հղի է, իսկ ինքը հացի փող էլ չի հասցնում վաստակի։ Սոֆիի ծնողներն ուզում են հետ տանել իրենց աղջկան։ Ռոբս էլ չի ուզել ապրի ու փրթել ա վեննաները»,֊ պատմել է տիկին Կարինեն։
Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ թրաֆիքինգ, և 325 հոդվածով՝ աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար։ Նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3 ամիս ժամկետով։ Երկրորդ մեղադրանքի մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։
Կարինեի կրտսեր որդին՝ Բենիամինը, ով դպրոց չի հաճախում հագուստ չունենալու պատճառով, 9 տարեկան է։ Մյուս որդին՝ Ռուդիկը, արդեն 16 տարի է տեղաշարժվում է սայլակի օգնությամբ։ Տղայի ոտքն անդամահատել են վերջերս։ Երեխաները գտնվում են Կարինեի մյուս դստեր՝ 25֊ամյա Մարիետայի խնամակալության տակ։ Ընտանիքն ապրում է «Հույսի ավան» թաղամասում։ Կարինեի ամուսինը Ղարաբաղի պատերազմի զոհ է։
«Երեխեքս մնացել են Մարիետայիս խնամքին։ Էնքան ծախսեր կան, երեխես չի հասցնում, ես էլ իրեն ստեղից չեմ կարողանում օգնել, սոված են մնում, էս երկրի պատճառով երեխեքս ինքնասպանություն են գործում։ Գժվում եմ արդեն, որ գիտեմ՝ երեխեքս տառապում են, այսօր արդեն երազում եմ, որ նախագահն օգնի ինձ՝ գոնե պատիժը կրճատի»,֊ պատմել է Այվազյանը։
Կարինե Այվազյանի խոսքով՝ հանուն երեխաների է միայն, որ ինքնասպան չի լինում։
մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում