Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի՝ «Գլոբալ ռազմականացման ցուցիչ – 2014» ամենամյա զեկույցի համաձայն՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդգրկվել են աշխարհի ամենառազմականացված երկրների առաջատար տասնյակում։
Վարկանիշային աղյուսակը կազմվել է 152 երկրների՝ 2013 թվականի տվյալների հիման վրա։
Զեկույցի առաջատար երեք երկրներն են Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը։ Բացի նրանցից, առաջին տասնյակում են հայտնվել նաև Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանն ու Ադրբեջանը։ Այսպիսով, առաջատար տասնյակի երեք երկրները գտնվում են Մերձավոր Արևելքում, երկուսը՝ Ասիայում, մյուս հինգը՝ Արևմտյան ու Արևելյան Եվրոպայում։
Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին (ցուցակում զբաղեցնում են երրորդ ու տասներորդ հորիզոնականը՝ համապատասխանաբար), ապա, ըստ փորձագետների, վերջին տարիներին հարևան երկրներն սկսել են զգալիորեն մեծացնել ռազմական ներուժն ու սպառազինությունների համար կատարված ծախսերի ծավալը։ Նրանց խոսքով, սակայն, կովկասյան այս երկրներում տիրող իրավիճակը չպետք է դիտարկել համատեքստից դուրս։ Հակամարտող երկու կողմին էլ սպառազինություն է մատակարարում ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանը, որը 2008 թվականից սկսած բարեփոխումներ է իրականացնում նաև սեփական զինված ուժերում։
Ուկրաինան զեկույցում զբաղեցրել է 13֊րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ իր արդյունքը բարելավելով 7 կետով։ «Ուկրաինայի 13֊րդ հորիզոնականը վկայում է ռազմականացվածության բարձր մակարդակի մասին։ Երկրի ռազմական ծախսերը կազմել են 5,3 միլիարդ դոլար, որն ընդհանուր ՀՆԱ֊ի 3 տոկոսն է կազմում։ Երկիրն ունի լավ գործող ռազմական արդյունաբերություն, որը, չնայած որոշ հիմնարար կառուցվածքային թերություններին ու հնացած տեխնոլոգիաներին, առավել արդյունավետ արդյունաբերական ճյուղերից մեկն է», – ասված է զեկույցի մեկնաբանությունների մեջ։
Փորձագետներն ընդգծում են, որ Մերձավոր Արևելքում ռազմականացվածության բարձր մակարդակը մի քանի պատճառ ունի՝ ներքին թշնամիներից գոյություն ունեցող ավտորիտար ռեժիմներին պաշտպանելուց մինչև արտաքին հակամարտություններ ու սպառնալիքներ։ Վերլուծաբանների գնահատականով՝ ռազմականացվածության մակարդակն այս տարածաշրջանում շարունակելու է աճել։
Ինչ վերաբերում է Հարավային Կորեային ու Սինգապուրին, ապա այս երկրների բարձր հորիզոնականը բացատրվում է հարևանների հետ լարված հարաբերություններով ու չկարգավորված տարածքային խնդիրներով։
«Գլոբալ ռազմականացման ցուցիչ» ամենամյա զեկույցը Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի կողմից հրապարակվում է 1990 թվականից սկսած:
Հայաստանը 2013 թվականի զեկույցում ևս ընդգրվել էր առաջատար հնգյակում՝ Իսրայելի, Սինգապուրի, Ռուսաստանի ու Սիրիայի կողքին։
Ռազմականացվածության մակարդակը գնահատվում է մի քանի ցուցանիշներով, այդ թվում՝ հաշվի է առնվում ռազմական բյուջեի ծավալ/ՀՆԱ հարաբերակցությունը։