Home / Հայաստան / ԱԷԿ֊ի փոխտնօրենին ձերբակալել են, տնօրենին ազատել են աշխատանքից․ «Հրապարակ»

ԱԷԿ֊ի փոխտնօրենին ձերբակալել են, տնօրենին ազատել են աշխատանքից․ «Հրապարակ»

Օրերս աշխատանքից ազատվել է «Հայաստանի ԱԷԿ» տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մովսես Վարդանյանը, ով նախկինում ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Կադրային փոփոխությունները, թերթի տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին:

«Հետաքրքիր է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ:

Պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է», ֊ գրում է թերթը:

ՀԱԷԿ պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին լուրը հաստատել են ԱԱԾ-ում: «Կալանավորվել է ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Դատարանը հաստատել է նրա կալանքի որոշումը: Ընթանում է նախաքննություն»,- թերթին փոխանցել է ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը՝ չհայտնելով, սակայն, թե ինչ մեղադրանք է առաջադրվել ՀԱԷԿ նախկին փոխտնօրենին:

«Հրապարակը» գրում է, որ վարկածներից մեկը, որը շրջանառվում է էներգետիկ շրջանակներում, այն է, որ ՀԱԷԿ պաշտոնյաներին կասկածում են խոշոր գումարների յուրացման, ֆինանսական կոպիտ խախտումների մեջ, որոնց պոչերը չեն երևում: Երկրորդ վարկածի համաձայն, քրեական հետապնդումը կապված է ՀԱԷԿ֊ից դուրս Ռուբիկ Մովսիսյանի գործունեության հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա մյուս զբաղմունքն ադամանդի բիզնեսն է, որի մեջ նա այնքան է խորացել, որ նույնիսկ համապատասխան մականուն է վաստակել՝ Բռլյանտ Ռուբիկ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում