Home / Հայաստան / Օրենքը հօգուտ կասկածյալի պետք է մեկնաբանել, հիշել են քննիչները Արամ Մանուկյանի գործի ժամանակ

Օրենքը հօգուտ կասկածյալի պետք է մեկնաբանել, հիշել են քննիչները Արամ Մանուկյանի գործի ժամանակ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քատուղար Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ լիարժեք գնահատական չի տրվել նրան պատճառված մարմնական վնասվածքների աստիճանին, ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Կոմիտեն ընդգծում է, որ Մանուկյանի վրա հարձակման գործում որպես կասկածյալ ներգրավված Արշակ Սվազյանին գործողություններին քրեաիրավական գնահատական կտրվի դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունն ստանալուց հետո։

«Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար բացատրություն է վերցվել դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետից, ով հայտնել է, որ փորձաքննության պահին Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում: Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքի օրվանից 21 օր հետո՝ 31.12.2014֊ին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»։ Հետևապես՝ անձը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու, այն է՝ Մանուկյանի առողջությանը թեթև վնասվածք պատճառելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ Սվազյանին բաց են թողել, քանի որ նրա արարքը ծանր հանցագործություն չէ։

Նշենք, որ Հայաստանում դեպքերի գերակշիռ մասում մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը՝ անգամ ոչ լուրջ իրավախախտումներ կատարելու մեջ կասկածվող անձանց դեպքում։

Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին երեկոյան։ Անհայտ անձը Մանուկյանի բնակության հասցեում՝ Սոսեի 2/2 հասցեում գտնվող շենքի շքամուտքում, հարձակվել է պատգամավորի վրա, ոչինչ չասելով՝ դեմքին հարված է հասցրել ու փախել։ Մանուկյանի դեմքին՝ աջ աչքի շրջանում, պատռվածք է եղել։ Դեկտեմբերի 14-ին գործում որպես կասկածյալ է ներգրավվել Արագածքտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, 41-ամյա Արշակ Սվազյանը։

Tekali Taxi