Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է քար լռություն պահել Մեծամորի ատոմակայանում կատարված սենսացիոն իրադարձությունների շուրջ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Օրերս ԱԱԾ-ն կալանավորել է ՀԱԷԿ ՓԲԸ փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին՝ Բռլյանտ Ռուբիկին, իսկ տնօրեն Գագիկ Մարկոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Նախարարության մամուլի պատասխանատու Լուսինե Հարությունյանը երեկվա ընթացքում չի պատասխանել, թե որն է տնօրենին աշխատանքից ազատելու պատճառը։ Մամուլի պատասխանատուն ասել է նաև, որ նախարարությունում տեղյակ չեն, թե ինչ խնդիրներ են առաջացել ատոմակայանում, և ինչի համար են մեղադրում է փոխտնօրենին։
«Մինչդեռ խնդիրները կապված են պետական անվտանգության հետ, իսկ մեղադրանքներն ավելի քան լուրջ են, և ցանկացած նորմալ երկրի էներգետիկայի նախարար ուղղակի պարտավոր էր հրապարակային բացատրություններ տալու։ Ինչպես մեզ հաղորդեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, Ռուբիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ 179 և 190՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։
Ատոմակայանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը համարվում է ամենայուղոտներից, և Ռուբիկ Մովսիսյանի տեղի վրա միշտ աչքերը շատ են եղել: Հենց նա էր պատասխանատու տենդերների անցկացման, պայմանագրերի կնքման համար», ֊ գրում է թերթը:
Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում