Home / Տեսանյութեր / Օմբուդսմենին խնդրել են գնահատական տալ «Իրավունք»-ի ատելություն քարոզող հոդվածին

Օմբուդսմենին խնդրել են գնահատական տալ «Իրավունք»-ի ատելություն քարոզող հոդվածին

16 քաղաքացիներ բաց նամակով դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ մտահոգություն հայտնելով հօգուտ «Իրավունք» թերթի կայացված վճռի վերաբերյալ: Դատարանը մերժել էր 16 հայցվորների պահանջը` պատասխանատվության ենթարկելու «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին՝ քաղաքացիների նկատմամբ ատելություն քարոզելու համար։ Փոխարենը հայցվորները պարտավորեցվել են ընդհանուր առմամբ 300 հազար դրամ վճարել՝ 150 թերթին և 150 թերթի խմբագրին որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Կարեն Անդրեասյանին ուղղված բաց նամակի հեղինակները խնդրում են նրան գնահատել՝ արդյոք «Իրավունք» թերթի հոդվածում կա վիրավորանք և զրպարտություն, թե՝ ոչ: Նամակում, մասնավորապես, ասված է.

««Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում հեղինակը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, որտեղ ներգրավված ենք նաև մենք, հնչեցնում է վիրավորական արտահայտություններ մեր հասցեին և կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել մեր նկատմամբ, դադարեցնել շփումը մեզ հետ, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից: Սույն որոշմամբ դատարանը վտանգում է մեր` քաղաքացիներիս անվտանգությունը, անձեռնմխելիությունը և խտրականությունից զերծ մնալու իրավունքը։ «Սև ցուցակիների» կազմումը, մարդկանց թիրախավորումը, որոնք ուղեկցվում են ատելության կոչերով, ինչպես նաև պետական ատյանների ոչ համաչափ արձագանքն այդ ամենին պարարտ հող են ստեղծում մեր նկատմամբ հասարակության մեջ ատելության տարածմանը և կանաչ լույս են վառում ատելության հիմքով հանցագործությունների համար։

Մենք խիստ մտահոգված և անհանգստացած ենք, որ մեր նկատմամբ տարբերակված` խտրական վերաբերմունքը, ատելության դրսևորումները ոչ միայն չեն կանխվում և չեն արժանանում համապատասխան գնահատականի, այլ նաև լայնորեն խրախուսվում և խթանվում են պետական պաշտոնյաների կողմից։ Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով հանդիսանում է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի խմբագրական խորհրդի հիմնադիր-նախագահը, հրապարակավ աջակցում է խտրականության հրահրմանն ու ատելությանը՝ պնդելով թերթի կողմից վիրավորանք և խտրականություն պարունակող հայտարարությունների իրավաչափությունը: Իսկ Հայկ Բաբուխանյանին Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացի մեդալի շնորհումը միմիայն ապացույցն է այն բանի, որ ՀՀ–ում հանրությանը սեգրեգացնող և պառակտող տեսակետների տարածումը պետական պահանջարկ ունի»։