Ազատամարտիկների դեմ ծավալված հետապնդումները միայն ծեծի դեպքերով չեն սկսվում ու ավարտվում, գործի են դրվել նաև քրեաիրավական լծակները, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Երեկ թերթը տեղեկացել է, որ «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ) նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվում: Դեռևս 2011-ին գործունեությունը դադարեցրած մի ՍՊԸ-ի մասով մոտ մեկ ամիս առաջ հարկայինի քննչականը գործ է հարուցել՝ կանխամտածված սնանկության հիմքով: Այս վարույթի շրջանակներում ստուգվել են ազատամարտիկի, նրա ընտանիքի անդամների, բոլոր փոխկապակցված անձանց գործողությունները, եկամուտները, գույքային հարաբերությունները:
«Ակնհայտ է, որ 3 տարի անց սնանկացման գործընթացը հիշելու հիմքերը քաղաքական են՝ պայմանավորված դաշինքի վերջին շրջանի ակտիվությամբ»,–գրում է թերթը։
Նշենք, որ դեկտեմբերի ընթացքում ծեծի են ենթարկվել Ազատամարտիկների դաշինքի անդամներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Սուրեն Սարգսյանը։ Հայաստանում գործող մի քանի նախաձեռնություններ և կազմակերպություններ, մի խումբ անհատ քաղաքացիներ տեղի ունեցածը կապում են ուժային կառույցների հետ։ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բռնություններն անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է հրահանգավորում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում