Հայ-ադրբեջանական սահմանին երեկ դիվերսիոն առաջխաղացում է կասեցվել, որի հետևանքով սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող։ Այս մասին երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ դիվերսիոն փորձն իրականացվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում, դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել են, իսկ հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել է միջդիրքային տարածքում:
Փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող 79-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:
Այսօր Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ին հայտնել է, որ հայկական կողմը թույլատրել է ադրբեջանցիներին միջդիրքային տարածքից հանել դիակը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դերգյահլին ադրբեջանական ԶԼՄ֊ների հետ զրույցում հերքել է զոհված ադրբեջանցի զինծառայողի մասին տեղեկատվությունը։