ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուժը կորցրած է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին հոկտեմբերի 13-ին ստորագրած իր հրամանգիրը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահականից ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշումը կայացվել է եվրոպական փորձագետների գնահատականից հետո։
«2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի
որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:
Հետևելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ընդառաջ գնալով Եվրոպայի խորհրդի իրավասու մարմնի խորհրդատվական կարծիքին՝ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով չի ներկայացվել:
Հանրապետության նախագահի կողմից այսօր ստորագրված հրամանագիրը, համաձայն գործող կարգի, առաջ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն», ֊ նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծենք, որ մրցույթի անցկացման ընթացքում մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն են բարձրաձայնել՝ կապված մրցույթային հանձնաժողովի գործելոճի հետ՝ նշելով, որ մրցույթը թափանցիկ չէ։