Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բոլոր հայերին կոչ է արել համատեղ ուղիներ փնտրել՝ Թուրքիայի հետ պատմական տարաձայնությունները լուծելու համար՝ ընդգծելով, որ հայերն ու թուրքերը պետք է «մարդկային հարաբերություններ զարգացնեն ու միմյանց վերստին ճանաչեն՝ հաշվի առնելով 800 տարիների ընդհանուր պատմությունը», փոխանցում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
«Երկու ժողովուրդները պետք է հասունություն ցուցաբերեն՝ միմյանց հասկանալու ու համատեղ ապագա կերտելու համար։ Հայերն ու թուրքերը, կիսելով միևնույն աշխարհագրությունն ու երկարատև պատմությունը, կարող են միայն զրույցի միջոցով հասկանալ իրենց խնդիրներն ու դրանց համար լուծումներ գտնել։ Անհրաժեշտ է, որպեսզի մեր միջև լինի փոխադարձ վստահություն ու համագործակցություն»,֊ ասված է Դավութօղլուի՝ հունվարի 20֊ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
Թուրքիայի վարչապետը նաև հրավիրել է «հայաստանցի ընկերներին ավելի հաճախ այցեր կատարել Թուրքիա՝ փոխադարձ նախապաշարումները վերացնելու նպատակով»։
«Մենք անկեղծորեն ցանկանում ենք բուժել վերքերը, կիսել ցավն ու բարեկամություն վերահաստատել»,֊ նշել է Թուրքիայի վարչապետը։
Անդրադառնալով թուրքահայ մտավորական Հրանտ Դինքին՝ Դավութօղլուն վերջինիս անվանել է «Անատոլիայի մտավորական», որը չի հրաժարվել ոչ իր հայկական արմատներից, ոչ էլ Թուրքիային իր հավատարմությունից՝ փնտրելով ուղիներ հայերի ու թուրքերի համատեղ ապագայի համար։
«Ցանկանում եմ դիմել հայ-թուրքական բարեկամությանը հավատացող բոլորին ու նոր սկզբի համար ներդրում ունենալու կոչ անել։ Դիմելով հայերին՝ ուզում եմ ասել, որ 1915 թվականի՝ պատերազմական իրավիճակով թելադրված բռնի տեղահանությունն անմարդկային հետևանքներ է ստեղծել, և Թուրքիան կիսում է հայերի տառապանքը», ֊ ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի վարչապետը նաև անդրադարձել է 2014 թվականի ապրիլի 23-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությանը՝ այն անվանելով «այս խնդիրը հաղթահարելու Թուրքիայի մտադրության հստակ և կոնկրետ արտահայտում»։
«Մեծ ողբերգությունը սառեցրել է պատմությունը 1915 թվականի վրա, և դա հետևում թողնելու միակ ճանապարհը տաբուները կոտրելն է: Թուրքիան, իր հերթին, արդեն առաջ է շարժվել ու կարծրատիպային հռետորաբանությունն ու ընդհանրացումները թողել անցյալում»,֊ նշել է Դավութօղլուն։