ՀՀ պաշտպանության նախարարությունը և նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը։
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության՝ 2014-2015 թթ. ձմեռային զորակոչի ընթացքում կազմակերպություն դիմած անձանց բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիմնականում նրանց մոտ առկա խնդիրները չեն կարող թույլ տալ զինվորական ծառայության անցել: Մինչդեռ, նույնիսկ բժշկական հանձնաժողովների եզրակացությունները հաշվի չեն առնվել զորակոչի ամբողջ ընթացքում:
Կազմակերպությունը ներկայացրել է իրենց դիմած մի քանի զորակոչիկների հիվանդությունները, որոնց թվում են՝ նևրոզ, սկոլիոզ, խոց, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, ամորձիների հիպոտրոֆիա։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող և ծառայելու ոչ ունակ քաղաքացիներին զորակոչելու սովորությունից և համարում, որ այն բոլոր բարեփոխումները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, կրում են մակերեսային բնույթ և միտված չեն համակարգային փոփոխությունների իրականացմանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա և, իրականում, քաղաքական կամք չի դրսևորում այս լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում ցանկություն՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին և զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ», ֊ եզրափակում են հաղորդագրության հեղինակները: