Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ազատվել են Սոչիի օդանավակայանում մաքսային ընթացակարգերից։ Հայաստանյան անձնագրով մարդկանց համար «կանաչ միջանցքը» բացվել է երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շնորհիվ։
«Սոչի» օդանավակայանում Հայաստանից ժամանող ուղևորների ու ուղեբեռի նկատմամբ մաքսային վերահսկողություն չի իրականացվում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքացիներն անցնում են պարտադիր սահմանային ու ներգաղթային վերահսկողություն։
«2014 թվականին օդանավերի ու ուղևորների ընդհանուր թվից ՀՀ֊ից/դեպի ՀՀ օդանավերի մասնաբաժինը կազմել է 18 տոկոս, ուղևորներինը՝ 13 տոկոս։ 2014 թվականի ընթացքում հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 260 գործ, որոնցից 28֊ը՝ ՀՀ֊ից /դեպի ՀՀ տեղափոխվող քաղաքացիների նկատմամբ»,֊ ասված է Սոչիի մաքսային մարմինների՝ հունվարի 23֊ին տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի՝ ԵՏՄ֊ին միանալու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10֊ին՝ Մինսկում կայացած գագաթաժողովի ժամանակ։ 2014 թվականի դեկտեմբերի 4֊ին համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից։ Ընդ որում, Հայաստանն ընդհանուր հիմքերով միացել է Եվրասիական տնտեսական միության անդամների համաձայնագրերին ծառայությունների ոլորտում, իսկ առևտրի ոլորտում նախատեսվում է աստիճանական անցում միության միասնական մաքսային սակագնին մինչև 2022 թվականը։
ԵՏՄ֊ն սկսել է գործել 2015 թվականի հունվարի 1֊ից՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) փոխարեն։ Նոր միության ստեղծման մասին համաձայնագիրը 2014 թվականի մայիսին ստորագրել են Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները։ ԵՏՄ֊ի նախագիծը 2011 թվականի հոկտեմբերին ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։