Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը խոսել է հատուցման գործողությունների և խաղաղություն պարտադրելու մասին

Սերժ Սարգսյանը խոսել է հատուցման գործողությունների և խաղաղություն պարտադրելու մասին

Ադրբեջանի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է, այդ երկրի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել Հայաստանի շուրջ: Այս մասին այսօր պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում:

Իզուր: Շատ իզուր: Մենք քսանհինգ տարի առաջ՝ ավելի բարդ ու դժվար պայմաններում, իրենց ավել-պակաս ելույթներն ու ախորժակը տեսել ենք… Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբևէ չենք եղել», ֊ ասել է Սարգսյանը:

Նա վստահեցրել է, որ հայկական կողմը միջադեպեր չի հրահրում, իսկ «մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն»:

«Մինչև վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը», ֊ հայտարարել է Սարգսյանը:

Վերջինս ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված:

«Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների վկյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Ես մեկ անգամ ևս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք և՛ լավին, և՛ վատին:

Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները: Դա չի կարող արվել մեր հաշվին: Սթափ գործընկերոջ հետ կարող ենք և պարտավոր ենք խաղաղություն բանակցել: Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու»,֊ եզրափակել է Սերժ Սարգսյանը: