ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանն ասել է, որ փաստեր ունի, թե դաշնակցական ղեկավարները Հայաստանի «ոչ բարեկամ» երկրների ծպտված «գործակալներ» են։ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Դաշնակցությունից տարիներ առաջ հեռացված Բադասյանը խոսել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի մասին, ինչը դաշնակցական որոշ շրջանակների մոտ դժգոհության, իսկ որոշ դեպքերում՝ ՀՅԴ-ից դուրս գալու առիթ է դարձել։
«Նրանց առջև խնդիր է դրված Դաշնակցությունը փակել, նրանք դրա համար էլ չեն գործում Դաշնակցության կանոնագրով, այլապես անձը չի կարող այդպիսի դերակատարում ունենալ», ֊ ասել է Բադասյանը։ Նա ընդգծել է, որ, հակառակ ՀՅԴ կանոնադրության, այսօր ոչ թե շարքերն են թելադրում վերևներին, այլ ճիշտ հակառակը։
«Դաշնակցության վերնախավը, սերտաճելով իշխանություններին, Դաշնակցությանը դուրս մղեց բոլոր գործընթացներից։ Սփյուռքում վերացվել է Դաշնակցության հավաքական կազմը, որովհետև Դաշնակցության վերնախավն այսօր զբաղված է անձնական քվոտաների, անձնական հարցերի լուծմամբ, ստացվել է այնպես, որ մենք՝ շարքերից հեռացվածներս, դարձել ենք Դաշնակցության ջատագովները, գաղափարակիրները, իսկ վերնախավը, Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, դարձել է հակադաշնակցական։ Իսկ մարդիկ սպասում էին․ ամեն ժողովից առաջ գտնվում էին ինչ-որ մարդիկ և վստահեցնում էին, որ կուրսը կփոխեն, կվերադառնանք մեր գաղափարներին, բայց դա չեղավ», – թերթի հետ զրույցում նշել է Բադասյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում