հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ես նույնպես ասում եմ Հայոց ցեղասպանություն». Թոմաս դե Վաալ

«Ես նույնպես ասում եմ Հայոց ցեղասպանություն». Թոմաս դե Վաալ

«Այդ իրադարձությունները ես նույնպես անվանում եմ Հայոց ցեղասպանություն», – Վաշինգտոնում «Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան, գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքով՝ քաղաքական հարթակներում հենց այս եզրն է դառնում ամենալուրջ տարաձայնությունների և հակասությունների առարկա։

«Ցեղասպանությունը խնդրահարույց բառ է և ընտրված ոչ լավագույն եզրը։ Սակայն ես կանգնում եմ այն մարդկանց կողքին, ովքեր այն Հայոց ցեղասպանություն են անվանում», ֊ դե Վաալի խոսքերն է փոխանցում «Ամերիկայի ձայնը»։

Վերլուծաբանը հիշեցրել է, որ այս բառը շրջանառության մեջ է մտել Մեծ Եղեռնից 30 տարի անց և որ Ցեղասպանության մասին Ռաֆայել Լեմկինի գիրքն առաջին անգամ 1944 թվականին հրատարակվել է հենց Քարնեգիի հաստատությունում։

Դե Վաալի խոսքով՝ ցեղասպանությունները կանխարգելելու ՄԱԿ֊ի կոնվենցիան չգոհացրեց հայերի զգալի մասին, ովքեր չէին համակերպվում այն մտքի հետ, որ կոնվենցիան միայն ապագայում ցեղասպանությունները կանխելու մասին էր։

Փորձագետը պատմեց 1965 թվականին Երևանում անցկացված ցույցի մասին, անդրադարձավ 70-ականներին հիմնադրված հայկական ահաբեկչական երկու կազմակերպություններին և կարծիք հայտնեց, որ Ռոնալդ Ռեյգանը 1981թ․ արտասանած «Հայոց ցեղապսանություն» բառերի կիրառումից մի քանի տարի անց հրաժարվեց նաև թուրք դիվանագետների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների պատճառով։

Դե Վաալը անդրադարձավ 2002 թվականից գործող Թուրքիայում հետքեմալական առաջին կառավարությանը, երբ թուրք պատմաբանները ստացան այս հարցը ուսումնասիրելու որոշ ազատություն։

«Չնայած հայերը լիովին գոհ չէին անցյալ տարի Թուրքիայի վարչապետի արտասանած ցավակցական հայտարարությունից, հարկավոր է կարևորել այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին անգամն էր հանդես գալիս նման խոսքերով», ֊ ասել է նա՝ հավելելով, սակայն, որ ինքն այժմ պակաս լավատես է՝ Թուրքիայում ժողովրդավարության ճանապարհին կատարված հետընթաց շարժման պատճառով։

Պատասխանելով Ադրբեջանի դեսպանության աշխատակիցներից մեկի հարցին՝ վերլուծաբանն ասել է, թե Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները փակելու հանգամանքը որևէ դեպքում չի բխում որևէ կողմի շահերից, և որ «Հայաստանը մեկուսացնելու յուրաքանչյուր քայլ Հայաստանին ավելի է մղում դեպի Ռուսաստան, ինչը չպիտի բխի, օրինակ, հայ – ադրբեջանական հակամարտությունը լուծելու շահերից»։