Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին պայմանագրով Հայաստանում հունվարի 1-ից մաքսատուրքեր են սահմանվել մինչ այժմ չհարկվող գյուղատնտեսական ապրանքների համար: Թունաքիմիկատները, սերմերը, պարարտանյութերը, տրակտորները, գյուղատնտեսական գործիքներն այսուհետ սահմանին մաքսատուրքը լինելու է 5-ից 12%: Գյուղատնտեսական ապրանքներ ներկրողները նշում են, որ մաքսատուրքից հնարավոր չի լինի խուսափել, քանի որ Ռուսաստանում նման ապրանքներ գրեթե չեն արտադրվում, և դրանց ներկրումը Հայաստան արվում է հիմնականում Չինաստանից կամ Եվրոպայից:
Ինչպես Epress.am-ին հայտնել է «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գևորգյանը, թեև Կառավարությունը խոստացել էր, որ 18 գյուղատնտեսական ապրանքների մասով մաքսատուրքերի կիրառումը կհետաձգվի 3-4 տարով, որոշ տեխնիկական պատճառներով հետաձգումը կիրառվում է ներկրվող ապրանքների ընդամենը 5-6%-ի դեպքում: Փորձագետը բացատրել է, որ քանի որ նախկինում տարբերություն չկար, մաքսակետերում տնտեսական ապրանքները չէին առանձնացնում ըստ հիմքի, այլ մեծ մասը դասում էին «այլ հիմք ունեցող» ապրանքների շարքին՝ հեշտացնելով իրենց գործը: Այժմ համարելով, որ «այլ» հիմքի ապրանքներն ամենաշատն են, հետաձգումն արվել է այդ մասով միայն:
Ներկրողները կանխատեսում են, որ մաքսաչափերի սահմանումը կարող է հանգեցնել մաքսանենգ ճանապարհով սերմերի ներկրմանը:
«Մինչև 2011 թվականը, երբ Հայաստանը ևս որոշեց ազատել այս ոլորտը մաքսատուրքերից, մարդիկ Վրաստանից անօրինական ճանապարհով սերմեր էին ներկրում, քանի որ Վրաստանում այդ ոլորտը վաղուց ազատված էր հարկերից: Կա լոլիկի սերմ, որի 1000 հատը արժե 40.000 դրամ: Գործնականում դա տեղափոխելը անօրեն ճանապարհով հեշտ է: Մարդ դնում էր գրպանը ու բերում առանց բռնվելու: Հիմա մենք եթե վերադառնանք մաքսատուրքերին, այս ավանդույթը ևս կվերադառնա»,- ասել է Գևորգյանը:
Գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքը ոչ միայն մաքսատուրքի պատճառով կբարձրանա, այլև ԱԱՀ ավելանալու պատճառով, քանի որ, համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի, 0% դրույքաչափ ունեցող ապրանքների վրա չէր կիրառվում ԱԱՀ, գյուղատնտեսական ապրանքատեսակները մինչ այժմ ազատված էին և այսուհետ չեն լինի ազատված ԱԱՀ-ից (20%): Այսպիսով՝ նշված ապրանքները կհարկվեն մոտ 30%-ով:
Այս թանկացումը, Գևորգյանի կարծիքով, մեծ հարված կլինի գյուղատնտեսությանը, որն առանց այն էլ այժմ վատ վիճակում է: Գյուղատնտեսների հետ քննարկումները ի մի բերելով՝ Գևորգյանն ասել է, որ 2014 թվականին ցրտահարությունը մեծ հարված էր գյուղատնտեսությանը, դրան գումարվել է այն, որ դոլարն է արժեզրկվել մոտ 17%-ով, արդյունքում գյուղացիների՝ այս գարնանացանի համար պահված գումարները ևս արժեզրկված են: Ավելին՝ բանկերը այլևս դրամով վարկեր չեն տրամադրում:
«Եթե Կառավարությունը հետ չկանգնի գյուղատնտեսական ապրանքների համար մաքսաչափ սահմանելու մտքից, դա ուղղակի վերջնականապես կսպանի գյուղատնտեսությունը Հայաստանում, որը Կառավարությունն իբր համարում է գերակա ուղղություն»,- ասել է Գևորգյանը:
Գյուղատնտեսական ապրանքներ ներկրող կազմակերպությունններից մոտ 15 փորձագետ հարցը քննարկել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ներկայացրել իրավիճակը: Նրանց տեղեկություններով ՝ հարցը համարվել է հրատապ և այժմ քննարկվում է:
Ներկրողները հույս ունեն, որ հարցը կլուծվի և մաքսատուրքերը կհանվեն: