Home / Հայաստան / ԲՀԿ֊ական պատգամավոր․ ՌԴ֊ում Պերմյակովին Հայաստանի մարմիններին հանձնելու մտադրություն չկա․ «Ժողովուրդ»

ԲՀԿ֊ական պատգամավոր․ ՌԴ֊ում Պերմյակովին Հայաստանի մարմիններին հանձնելու մտադրություն չկա․ «Ժողովուրդ»

Փետրվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները հանդիպել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ, և ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը բարձրացրել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու հարցը։ Այս մասին Գրիգորյանն ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։

«Հանձնելու առումով կարծես մտադրություն չկա այնտեղ, բայց իրենց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու: Իրենք ասացին, որ իրենց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին: Ուղղակի չի կիրառվում այդ պատիժն իրենց մոտ, սառեցված է: Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնական խզելու պարագայում կարող է նաև վերանայվի գնդակահարության հարցը», – հայտարարել է գյումրեցի պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: