Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի բանտարկված ադրբեջանցիներին՝ որպես մարդասիրական քայլ։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։ «Վաղը ես այդ մասին կասեմ Հայաստանում»,֊ լրագրողների հետ զրույցում խոստացել է նա։
Խոսքը վերաբերում է 2014 թվականի հուլիսին Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասքերովին, ովքեր 2014 թվականի դեկտեմբերի 30֊ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են ցմահ և 22 տարվա ազատազրկման՝ համապատասխանաբար։ Նրանք մեղավոր են ճանաչվել դիվերսիայի, Քարվաճառի (Քելբաջար) 17֊ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին ու 42֊ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, ինչպես նաև՝ 37֊ամյա Կարինե Դավթյանին վիրավորելու մեջ։ Դատապարտյալներին դատավարության ընթացքում ադրբեջաներենից թարգմանիչ չի տրամադրվել, նրանք իրենց մեղքը չեն ընդունել։
«Մենք մտահոգված ենք վերջին վեց ամիսներին շփման գծում իրավիճակի վատթարացմամբ։ Մենք Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում չսրել լարվածությունն ու փոխարենը նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք աջակցեք այդ գործընթացին՝ Մինսկի խմբի շրջանակներում»,֊ Նուլանդի խոսքերն է փոխանցում ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն ասել է, որ Ղարաբաղի խնդրից բացի, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ էներգետիկ նախագծեր։ «Ներկայումս մենք միասին աշխատում ենք «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման շուրջ։ Այդ նախագիծը նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի, այլև Եվրոպայի այն բոլոր երկրների համար, որոնք կախված են էներգիայի մեկ աղբյուրից։ Դա Եվրոպայի, Ադրբեջանի ու ԱՄՆ֊ի համատեղ նախագիծն է։ Մենք ցանկանում ենք Եվրամիության հետ սերտ կապեր հաստատել այդ նախագծի զարգացման համար։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք տնտեսության դիվերսիֆիկացման հարցր։ Նախագահը դրանում շատ հետաքրքրված է։ Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտներում կապերի զարգացման վերաբերյալ հարցեր»,֊ ասել է Նուլանդը։