«Երբ անցած տարի հայտնի դարձավ, որ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստրը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, այն էլ՝ ի հեճուկս դպրոցի կոլեկտիվի ցանկության, այդ լուրը մի տեսակ անհավանական էր թվում»: Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ հոդվածագրի՝ ի վերջո, հայտնի էր, որ Գագիկ Ջհանգիրյանն ընդդիմադիր պատգամավոր է, նախկին քաղբանտարկյալ, իսկ Հայաստանում ընդդիմադիրների ընտանիքի անդամներին պաշտոնների չեն նշանակում, առավել ևս՝կոլեկտիվի ցանկությանը հակառակ:
«Ընդամենը չորս ամիս էր հարկավոր, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն իր վարքով պարզաբաներ տեղի ունեցածը և ապացուցեր, որ իր և ՀՀԿ-ական պատգամավորների միջև ոչ մի տարբերություն չկա: Պատկերացրեք իրավիճակը՝ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ՀՀ Աժ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկելիս երեկ Գագիկ Ջհանգիրյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը նույն տեսակետն են արտահայտել, այն է՝ նախագծի վերնագրում պետք է գրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան: Ավելին՝ փաստացի Ջհանգիրյանը ՀՀԿ-ականից ավելի ագրեսիվ է պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ նախագիծը որակելով որպես անգրագիտություն», – նշում է թերթը։
Այսպիսով, ըստ «Ժողովուրդ»-ի, նախկին զինդատախազն իշխանություններին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատը չկորցնելու և «տիրություն» անելու համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում