«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Ilur.am կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Տեր-Պետրոսյանի մամուլի-խոսնակ Արման Մուսինյանը։
Սարգսյանն, ըստ նրա, համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: «Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում», – ասել է Արման Մուսինյանը։