Մարտի 15-ին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված 5 թեկնածուներից երեքը, այդ թվում՝ նաև Արտակ Գևորգյանն ու Մելիք Բաղդասարյանը, ինքնաբացարկ են հայտնել և դուրս եկել ընտրապայքարից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ինքնաբացարկ հայտնած երրորդ թեկնածուն Էդվարդ Վարդումյանն է: Արմավիրի քաղաքապետի ընտրություններում նախապես 6 մարդ էր առաջադրել իր թեկնածությունը, ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Արտակ Գևորգյանը։
Թերթը նշում է, որ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) որդի Արտակի և փոխքաղաքապետ Բաղդասարյանի ինքնաբացարկն անսպասելի էր: Երկուսն էլ դեռ նախօրեին Արմավիրի կենտրոնում նախընտրական շտաբներ էին բացել:
«Մեկ օրվա ընթացքում ինչ-որ բան տեղի է ունեցել՝ բանակցությունների կամ ճնշումների ֆորմատով, և այս ամենից մեծապես շահող է դուրս եկել թեկնածու, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Այս պահին նրա միակ մրցակիցը Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանն է: «ՀԺ»-ն փորձել է Պետրոսյանից ճշտել գնալո՞ւ է մինչև վերջ, թե՞ կեսից դաշտը թողնելու է Խլղաթյանին: Չնայած նախնական պայմանավորվածությանը, Պետրոսյանը լրագրողի զանգերին չի պատասխանել: Կարելի է ենթադրել, որ ամեն ինչ չէ, որ նրանից է կախված», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում