Այս տարի արտագաղթողների և դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծ փոփոխություն չի լինի: «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
«Կարող եմ ասել, որ վերջին 6-7 տարիներին «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ ինչպես ընդհանուր արտագաղթի ծավալների մեջ, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ չկան: Այն, ինչ կար 6-7 տարի առաջ, գրեթե նույն մակարդակով, նույն ծավալներով, նույն պատճառներով, նույն երկրներով… Այդ երևույթները պահպանվում են»,- ասել է միգրացիոն ծառայության պետը:
Եգանյանի նշած վերջին 6-7 տարիներին Հայաստանից, պաշտոնական վիճակագրության համաձայն, անվերադարձ հեռացել է ավելի քան 300 հազար մարդ կամ մեր բնակչության մոտ 10 տոկոսը: Թերթը գրում է, որ եթե այդ դինամիկայի մեջ «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ չլինեն, ապա մի 15-20 տարուց մեր երկրի բնակչությունը կնվազի կիսով չափ, իսկ մի 40-50 տարուց երկրում ոչ ոք չի մնա:
«Ուշագրավ այն է, որ արտագաղթի ծավալները չեն փոխվում անկախ այն իրավիճակներից, որ ստեղծվում են մեր արագաղթյալներին ընդունող երկրներում», ֊ հավելում է «ՀԺ»֊ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում