հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / «Բակոնոմիկան» կործանարար է Արցախի համար»․ հոդված

«Բակոնոմիկան» կործանարար է Արցախի համար»․ հոդված

Լեռնային Ղարաբաղում գործող ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության կայքում հրապարկվել է ստեփանակերտցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ««Բակոնոմիկան» կործանարար է Արցախի համար» հոդվածը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով․

«Գիտության ու հրապարակախոսության մեջ հաճախ նկատվում է տնտեսական և քաղաքական տարբեր գործընթացները նկարագրող տերմինների դեֆիցիտ: Այդ բարդ և խճճված գործընթացներն ու երևույթները ընթերցողին մատչելի կերպով ներկայացնելու համար տարբեր վերլուծաբաններ հաճախ ստիպված են լինում նոր տերմիններ` նորաբանություններ ստեղծել: Տնտեսական նորաբանությունները ստեղծվում են մի քանի սկզբունքներով.

1) Նոր տերմին ստեղծելու համար իրար են կցվում բառեր կամ բառերի տարբեր մասնիկներ: Օրինակ` «Grexit» (Greece – Հունաստան, exit — ելք): Այդ տերմինը առաջին անգամ օգտագործել են Ուիլեմ Բույտերը (Willem H.Buiter) և Իբրահիմ Ռահբարին (Ebrahim Rahbari)` նկատի ունենալով Հունաստանի հնարավոր ելքը եվրոգոտուց:

2) Նոր տերմինները ստեղծվում են տարբեր երկրների անվանումները հապավելով: Օրինակ` «BRICS» (Բրազիլիա, Ռուսաստան, Ինդիա, Չինաստան, ՀԱՀ), PIIGS (Պորտուգալիա, Իտալիա, Իռլանդիա, Հունաստան, Իսպանիա) և այլն:

3) Տնտեսական նորաբանությունների ստեղծման ամենահայտնի միջոցներից մեկը տարբեր քաղաքական գործիչների անունները և էկոնոմիկա բառը միավորելն է:

Տվյալ հնարքը տնտեսագիտության մեջ տարածում է ստացել դեռևս անցյալ դարի 80-ական թվականներից սկսած, երբ Ռոնալդ Ռեյգանի վարած տնտեսական քաղաքականությունը բնութագրելու համար ստեղծվեց «Ռեյգանոմիկա» (Reaganomics) տերմինը: Ելնելով համաշխարհային փորձից` Արցախի Հանրապետությունում վերջին տարիներին գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների ամբողջությունը նպատակահարմար է բնութագրել «Բակոնոմիկա» (Bakonomics) նոր տերմինով: «Բակոնոմիկան» իրենից ներկայացնում է քվազիկապիտալիզմի մի յուրօրինակ մոդել, որը հաստատվել է ԼՂՀ-ում 2007 թվականից: Մոդելի գլխավոր բնութագրիչ հատկանիշը իշխանության և բիզնեսի սերտաճումն է: Այդ մոդելի գոյության պայմաններում Արցախում հաջողակ բիզնեսմեն կարող են լինել միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաները և իշխանամետ մի քանի այլ գործիչներ: Երկրի բյուջեի և պետական ինստիտուտների հիմնական ֆունկցիան այդ դասական իմաստով օլիգարխների բիզնեսների սպասարկումն է: Քանի որ վերոնշյալ անձինք հիմնականում որևէ ձեռներեցական ձիրք և կառավարչական ունակություններ չունեն, նրանց հաջողության միակ երաշխիքը հենց վարչական և պետական ռեսուրսն է: «Բակոնոմիկայի» գոյության տարիների ընթացքում մշակվել են այդ մոդելի գոյատևմանը նպաստող մի շարք պարզունակ մեխանիզմներ ու հնարքներ. բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց մերձավորներին պատկանող շինությունները վարձակալվում են պետության կողմից, հանրապետութունում կազմակերպվող տարբեր միջոցառումներին հրավիրված օտարերկյա հյուրերը պետական միջոցներով սպասարկվում են տարբեր իշխանական օլիգարխներին պատկանող հյուրանոցներում ու ռեստորաններում, հանրային միջոցներով նոր բիզնեսներ են ստեղծվում , որոնք հասարակությանն են ներկայացվում ռազմավարական ծրագրերի տեսքով: «Բակոնոմիկայի» գոյությունը կործանարար է Արցախում մանր և միջին բիզնեսի զարգացման համար: Արցախի հասարակ քաղաքացին, ով փորձում է զբաղվել ձեռներեցությամբ, պարզապես ի վիճակի չէ հավասար մրցակցության մեջ մտնել պետական ռեսուրսները օգտագործող պաշտոնյա-օլիգարխների դասի հետ: Ստեփանակերտի փողոցներով շրջելիս` յուրաքանչյուր ոք կարող է սեփական աչքերով տեսնել «Բակոնոմիկայի» աղետալի հետևանքները: Միայն վերջին ամիսների ընթացքում հանրապետության մայրաքաղաքում տասնյակ խանութներ ու կրպակներ են փակվել և այժմ վաճառքի են հանված: Այդ երևույթը, առաջին հերթին, պայմանավորված է խաղի հստակ կանոնների բացակայությամբ, իշխանական օլիգարխներին պատկանող խանութների և սուպերմարկետների ցանցերի արտոնյալ կարգավիճակով, իշխանությունների կողմից հարկային մահակի ինքնակամ օգտագործման փաստով, ամենաբարձր մակարդակով իրականացվող ռեկետով և տարբեր անկախ ձեռներեցներին պատկանող բիզնեսների ու սեփականության բռնազավթումով և մի շարք այլ նմանատիպ գործոններով:

«Բակոնոմիկայի» շրջանի կարկառուն գործիչները տարիների ընթացքում սկսել են փոխառնել նաև Հայաստանի Հանրապետությունում տարածված «Սաշիկիզմ» տնտեսական գաղափարախոսության գլխավոր սկզբունքերը. ցանկանում են տիրել երկրի բոլոր ռեսուրսներին, Արցախը վերածել մի քանի օլիգարխի սեփականության: Նրանք նորահարուստներին հատուկ անկշտությամբ իրենց բիզնեսի անքակտելի մասն են դարձրել նույնիսկ բանակը: Այդ մարդիկ մտահոգված չեն զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ կամ նոր զինատեսակների ձեռքբերմամբ: Նրանց հետաքրքրող միակ հարցը այն է, թե ո՞վ է բանակին ոսպ, հաց կամ միս մատակարարելու: Այդ ամենին զուգահեռ, սահմանին կանգնած զինվորի անվտանգությունը շարունակում է կախված լինել առաջին աշխարհամարտի տարիներից օգտագործվող «տեխնիկական սարքավորումներից», ինչը սահմանային միջադեպերի և զոհերի գլխավոր պատճառներից մեկն է:

«Բակոնոմիկայի» գոյությունը ճգնաժամային է դարձրել նաև Արցախի և Սփյուռքի հարաբերությունները: Բազմաթիվ սփյուռքահայ բարերարներ, այլևս պատրաստ չլինելով հանդուրժել բոլոր ողջամիտ սահմանները անցնող թալանի մասշտաբները, հրաժարվում են որևէ առնչություն ունենալ Արցախի կոռումպացված իշխանությունների հետ: Խոսքը վերաբերում է հատկապես ռուսաստանաբնակ խոշոր գործարարներին, որոնք տարիների ընթացքում Արցախում բարեգործական նպատակներով հսկայական գումարներ ծախսելով, արդյունքները տեսնում էին Ռուսաստանում ԼՂՀ առաջին դեմքերին պատկանող սուպերմարկետների թվի ավելացման տեսքով: Պատահական չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում Մոսկվայում կազմակերպվող ամենամյա ճաշկերույթ-հանգանակությունը անցած տարվա նոյեմբերին չի կայացել: «Բակոնոմիկայի» գոյությունը կործանարար է Արցախի համար: Այն խոչընդոտում է երկրի խաղաղ զարգացմանը և անվտանգությանը: Ուստի` գալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր խնդիրը պետք է լինի սովետական պահեստապետերի մտածելակերպով պաշտոնյա-օլիգարխների դասից ձերբազատումը և ազգային էլիտայի ձևավորումը, որը ընդունակ կլինի սահմանել խաղի հստակ կանոններ տնտեսության ոլորտում, ապահովել բոլոր ձեռներեցների սեփականության իրավունքը, վերացնել պետական մակարդակով իրականացվող թալանը, պայքարել կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ և երկրում ստեղծել նպաստավոր բիզնես մթնոլորտ»:

Հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ panoramio.com, Վալերի Խաչատրյան