ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը: Այս մասին գրում է Hetq.am֊ը։
Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված էր նախնական դատական լսում, որը, սակայն, անորոշ ժամկետով հետաձգել է։
Տաբածղուրի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը լիճն էր, որտեղից նրանք ձուկ էին որսում և վաճառում այն շրջակա գյուղերում և մոտակա քաղաքներում: Գյուղացիները պատմել են, թե ինչպես է օրերից մի օր գյուղում հայտնվել Վարդան Այվազյանը և հայտարարել. «Այսօրվանից ես եմ լճի տերը»:
2010թ. սեպտեմբերին Վրաստանում գրանցված «Լճեր» ՍՊԸ-ն ձեռք է բերել լճում ձուկ որսալու արտոնագիր, և բնակիչներին արգելվել է լճից ձուկ որսալ: Վրաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, շուրջ 443 հազար դրամով ընկերությանն է տրամադրել լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք:
«Լճեր» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել աճուրդից ընդամենը 4 օր առաջ: Այդ ժամանակ ընկերության բաժնետոմսերի 90 %-ը պատկանել են Վարդան Այվազյանին: 2012-ին, սակայն, Վարդան Այվազյանը վերաձևակերպել է այն իր զարմիկի՝ Արմեն Այվազյանի անվամբ, ով նաև «Լճեր» ՍՊԸ-ի տնօրենն է:
Տաբածղուրի գյուղացիները պատմում են, որ Վարդան Այվազյանը ջերմ հարաբերությունների մեջ էր նաև Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու հետ: Ավելին, նրան գյուղում տեսել են Մերաբիշվիլու և Ախալքալաքի ոստիկանապետի հետ ուտել-խմելիս:
Հիշեցնենք՝ Վարդան Այվազյանը նույն ժամանակ վերաձևակերպել էր նաև Թբիլիսիում կառուցվող իր ձկան կենտրոնի սեփականության իրավունքը իր որդու անվամբ:
Վարդան Այվազյանը, սակայն, արտոնագրի պայմանները խախտել է: Նա Սևանա լճից խեցգետիններ է տարել և լցրել Տաբածղուր լիճը, ինչը արտոնագրով նախատեսված չի եղել: Դրանից հետո ձկները նշանակալիորեն նվազել են: Մինչդեռ արտոնագրի նախապայմանն է եղել 4 տարի հետո ձկան պաշարը հասցնել 60 տոննայի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում