Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչները երեկ նամակով դիմել են Հանրային խորհրդին՝ պահանջելով աջակցել իրենց գյուղից 300 մետր հեռավորության վրա ոսկու հանքի խնդրի լուծման հարցում։ Ֆիոլետովոյի բնակիչները պահանջում են կասեցնել հանքի շահագործման ծրագիրը։
Epress.am-ի հետ զրույցում Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովն ասել է, որ նամակում ամփոփվել են և՛ բնակիչների, և՛ բնապահպանների մտահոգությունները: Գյուղապետի խոսքով՝ նամակն ուղարկելուց հետո իրեն զանգահարել են Հանրային խորհրդից և տեղեկացրել, որ անհանգստանալու կարիք չկա, հանքը շահագործելու ծրագիրը կասեցվել է, և խնդրի մասին տեղյակ է նաև Հանրապետության նախագահը:
Բնապահպան Ինգա Զառաֆյանը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Հանրային խորհուրդն այն մարմինը չէ, որ լիարազորված է նման որոշումներ կայացնել և բնակիչներին վստահեցնել: Զառաֆյանը նշել է, որ դեռևս հնարավոր չէ վստահ լինել, որ հանքի շահագործումը չի իրականացվի։
Նշենք, որ Ֆիոլետովոյում հանքի շահագործման վերաբերող երկու անգամ հանրային լսումներ են անցկացրել: Բնակիչները դեմ են արտահայտվել, քանի որ հանքը գտնվում է գյուղի մոտ, շահագործվելու է բաց եղանակով, գտնվում է այն միակ ճանապարհի վրա, որը տանում է դեպի արոտավայր: Ֆիոլետովոյի բնակիչները, որոնք հիմնականում մոլոկաններ են, ավելի վաղ դիմել էին նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին, Բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով աջակցել խնդրի լուծմանը:
Ոսկու հանքը շահագործելու ծրագիրը ներկայացրել է «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն, որն ընդերքի ուսումնասիրության և բնապահպանական թույլտվությունները ստացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից:
Hetq.am֊ն ավելի վաղ գրել էր, որ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Հասմիկ Հարությունյանը, Բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի պետ Երվանդ Հովհաննիսյանի կինն է: Մյուս հիմնադիրը՝ Վարդան Մարգարյանը, Մեղրաձորի հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ընկերության սեփականատերն ու տնօրենն է:
Բնապահպանները կարծում են, որ հանքի շահագործման հիմնական աղտոտման վտանգը սպառնում է Տավուշի գլխավոր ջրային զարկերակին՝ Աղստև գետին, որի աջափնյա հատվածում գտնվում է ոսկու հանքավայրը: «Էկոլուր» հասարակական կազմակերպության փորձագետններն ավելի վաղ մատնանշել էին շահագործման հետ կապված խնդիրները.
«Վտանգի տակ է ընկնում Ֆիոլետովոյի հարևանությամբ գտնվող «Դիլիջան» ազգային պարկը: Ընդերքօգտագործման թափոնները, նախագծի համաձայն, կազմում են 3 միլիոն խմ, որոնք տեղափոխվելու են 4 հա տարածքի վրա: Իրականում այդ մանրացված, փոշիացված արդյունաբերական թափոնները տեղումների միջոցով կտարածվեն շրջակա միջավայրում` աղտոտելով հանքավայրի կենտրոնից մինչեւ 25-30 կմ շառավիղով տարածք: Հենց այս մասշտաբով էլ աղտոտված են այն տարածքները, որտեղ ծավալվում է hանքարդյունաբերություն: Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման նախագծում նշված է, որ հանքաքարը տեղափոխվելու է Արմանիսի կամ Արարատի հանքահարստացուցիչ ֆաբրիկա: Փորձը ցույց է տալիս, որ մեկ տարի անց ընկերությունը հրաժարվում է այլ ֆաբրիկայում վերամշակումից և սկսում է կառուցել սեփական ֆաբրիկան: Այդպես վարվեց Վարդան Մարգարյանը` «Գրեյդ Ռեդմետի» ենթադրյալ սեփականատերերից մեկը, ով «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի տնօրենն է: 2013 թ. Մեղրաձորում նա սկսեց կառուցել ցիանային ֆաբրիկա Մեղրաձորի հանքաքարի ոսկու կորզման համար: Բայց, հաշվի առնելով բնակիչների և հասարակության ընդվզումը, փոխարինեց ցիանը այլ տեխնոլոգիայով»: