Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) երկուշաբթի՝ մարտի 16֊ին, զենքի համաշխարհային առևտրի իրավիճակի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2010֊2014 թվականներին գործարքների ընդհանուր քանակը նախորդ՝ 2005֊2009թթ֊ի ժամանակահատվածի համեմատ աճել է 16 տոկոսով։
Ըստ հետազոտության՝ այդ ոլորոտւմ հինգ խոշորագույն արտահանողներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան։ Այս երկրների ընդհանուր մասնաբաժինը զենքի համաշխարհային առևտրում կազմել է 74%, իսկ միայն ԱՄՆ֊ի ու Ռուսաստանի մասնաբաժինը՝ 58%։
Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը կրկին զբաղեցրել է ԱՄՆ֊ն, որի ռազմական արտահանումն աճել է 23%֊ով։ 2010֊2014թթ֊ին ԱՄՆ֊ի մասնաբաժինը համաշխարհային առևտրում կազմել է 31%։ Երկիրը զենք է վաճառել աշխարհի 94 պետության։ SIPRI֊ի վերլուծաբանների համաձայն՝ Միացյալ Նահանգների հիմնական հաճախորդներն են Հարավային Կորեան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ավստրալիան: Առաքումը դեպի Ասիա ու Օվկիանիա հասել է 48%֊ի, Մերձավոր Արևելք՝ 32%֊ի, Եվրոպա՝ 11%֊ի։
Ռուսաստանի մասնաբաժինը նույն ժամանակահատվածում կազմել է 27%, իսկ դրա զենքի հիմնական տեսակների արտահանման աճը՝ 37%։ ՌԴ֊ն զինամթերք է վաճառել աշխարհի 56 պետության։ Ընդհանուր վաճառքի 60%֊ն իրացվել է Հնդկաստանում, Չինաստանում և Ալժիրում։ Գործարքների 66%֊ը իրականացվել է Ասիայում և Օվկիանիայում, 12%՝ Աֆրիկայում, 10%֊ը՝ Մերձավոր Արևելքում։
2005-2009 թվականներին աղյուսակում 9֊րդ հորիզոնականը զբաղեցրած Չինաստանն այս տարվա զեկույցում գրավել է 3֊րդ հորիզոնականը։ Մասնագետների տվյալներով՝ 2010֊2014թթ֊ին Պեկինն արտահանման ծավալներն աճեցրել է 143%֊ով։ Վերջին հինգ տարիներին դրա մասնաբաժինը համաշխարհային առևտրում գերազանցել է 5%֊ը։ Չինաստանի արտահանումների շուրջ երկու երրորդը բաժին է ընկել Ասիային, որից 41%֊ը՝ Պակիստանին։ Չինաստանից մեծ ծավալներով զենք են ձեռք բերել նաև Բանգլադեշն ու Մյանման։ Չինաստանից զենք է գնում նաև աֆրիկյան 18 պետություն։
Հետազոտության համաձայն՝ ԵՄ անդամ֊պետությունների զենքի արտահանման ընդհանուր ծավալը վերջին հինգ տարիներին նվազել է 16%֊ով։ Ի տարբերություն 2010-2014 թվականների՝ 2005֊2009թթ֊ին այդ ցուցանիշը գերազանցում էր ԱՄՆ֊ի կամ ՌԴ֊ի մասնաբաժինը։