Գյումրեցի Հովհաննես Մարգարյանը երկրաշարժից հետո իր եղբոր ընտանիքի հետ, որպես անօթևան, հաշվառված է եղել 3-սենյականոց բնակարանների հերթացուցակում, սակայն հանկարծ պարզել է, որ դուրս է մնացել ընտանիքի կազմից և, հետևաբար, բնակարանի շահառու չի ճանաչվում, գրում է «Ասպարեզ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ պարզվել է, որ առանց իր իմացության եղբոր ընտանիքն իրեն դուրս է հանել իր իսկ տան գրանցումից այն դեպքում, երբ ի սկզբանե այդ տանն ինքն ապրել է իր հանգուցյալ որդու և դեռևս չամուսնացած եղբոր հետ։ Եղբայրն ամուսնացել է երկրաշարժից հետո, ու այժմ ընտանիքի հետ չի ապրում, այլ՝ առանձին։ Հովհաննես Մարգարյանն ասում է, որ դեմ չէ, եթե եղբոր նախկին ընտանիքը տուն ստանա, բայց ոչ իրենց բնակարանի հաշվին։
«Ցրտերին ժամանակավոր գնում էի աղջկաս մոտ՝ Կրասնոդարի երկրամաս, 22 հազար դրամ թոշակ ստացողն ինչո՞վ պիտի վառելիք գնի, որ ձմեռը հանի։ Մի քանի անգամ աղջկաս մոտ գնալ֊գալու համար ինձ «անհայտ բացակա» են ճանաչել նոտարով։ Բայց ես մեծ մասն այստեղ եմ եղել ու անձնագրի մեջ էլ ունեմ ելքի ու մուտքի կնիքները։ Բնակբաշխման հանձնաժողովին միշտ փաստաթղթով եմ ներկայացել, ինչպե՞ս եղավ, որ ինձ դուրս հանեցին գրանցումից», ֊ ասել է Մարգարյանը։
Նա նաև ընդգծել է, որ իր «անհայտ բացակա» լինելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված հայտարարությունը թվագրված է 2011 թվականի հունիսի 14-ով, մինչդեռ այդ ժամանակ ինքը Գյումրիում է եղել։
«Ինձ տունը հետաքրքիր չէ, ինձ իմ արժանապատվությունն է պետք։ Ես հո հավի ձագ չեմ, որ վիզս քաշեն, քցեն պատի տակ։ Եվ եղել է կառավարության հրաման՝ երկրաշարժից առաջ ովքեր չեն ապրել այդ բնակարանում, նրանք ընտանիքի անդամ չեն, իսկ եղբայրս ամուսնացել է երկրաշարժից հետո։ Հիմա ինչպե՞ս եղավ, որ նրանք դարձան ընտանիքի անդամ, իսկ ես՝ փողոցային», ֊ հայտարարել է Մարգարյանը։
Բնակբաշխման հանձնաժողովը ուսումնասիրել է Մարգարյանի փաստաթղթերն ու վստահեցրել, որ ամեն ինչ նորմալ է։ Թոշակառուի խոսքով՝ իրեն պաշտոնապես ասել են, որ երբ եղբոր ընտանիքը տուն ստանա, իրեն բաժին կհատկացնեն։
«Բայց չէ՞ որ տանտերը ես եմ, վարձակալը ես եմ։ Լավ, համաձայն եմ դրա հետ, բայց ես հստակ տեղեկություն ունեմ, որ եղբորս ընտանիքն այդ տունը չի ստանալու, գումարը պիտի վերցնեն ու թռնեն։ Եթե ես չեղա այդ ԲԳՎ֊ի («Բնակարանների գնման վկայագիր» ծրագիր֊խմբ․) մեջ, նրանք առանց ինձ կարող են գործարք անել ու Հայաստանում ցանկացած բնակավայրում բնակարան գնել», ֊ ասել է Մարգարյանը։
Իր սեփականության իրավունքը վերականգնելու համար նա դիմել է դատարան, նախնական դատական նիստը տեղի կունենա մարտի 20֊ին։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում