Երևանի Նուբարաշեն թաղամասում 2014թ.-ի հունիսի 1-ի գիշերը Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող և ավելի քան 9 ամիս հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, ով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի (լուսանկարում) եղբորորդին է, այսօր ներկայացել է ոստիկանության բաժանմունք: Այս մասին News.am-ին ասել է մեղադրյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Սեդրակը ցուցմունք է տվել, որ ինքը չի դանակահարել Վանուշ Ալեքսանյանին, հետևաբար, իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում»,- ասել է փաստաբանը:
Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ բավարարել էր Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ըստ նախնական վարկածի՝ Վալերի Օսիպյանի եղբորորդին Նուբարաշենի բնակիչ Վանուշ Ալեքսանյանին դանակահարել էր ու որովայնի հատվածում լուրջ վնասվածքներ հասցրել:
Նուբարաշենի բնակիչ Սուսան Հովհաննիսյանը դեպքից հետո հայտարարել էր, որ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը: