2015թ. հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը շուրջ 100 անգամ նվազել է: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ներկայացրած տվյալները։ «168 ժամ» պարբերականը պարզաբանում է` ԱՎԾ-ն հիմնվել է Մաքսային ծառայության թվերի վրա:
«Թե՛ ԱՎԾ-ն, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունն արտաքին առևտրի այս տարվա ցուցանիշների մասին խոսելիս՝ շտապում են մեզ մխիթարել, թե արտաքին առևտրի տվյալները դեռևս ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և հետագայում ենթակա են ճշգրտման: Նույն բանը կրկնել են նաև փետրվարի ցուցանիշների առնչությամբ՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ իմաստ ունի հրապարակել չճշգրտված ցուցանիշներ:
Ի դեպ, ըստ ՌԴ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել է 4.6 միլիոն դոլար: Այսինքն՝ ռուսների ներկայացրած թիվը 27 անգամ մեծ է հայկական կողմի ներկայացրածից: Եվ, որ ամենակարևորն է՝ ՌԴ վիճակագրական ծառայության զեկույցում նշված չէ, որ տվյալները թերի են: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 4.6 միլիոն դոլարը ճիշտ թիվ է: Ըստ այդմ՝ ստացվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը պակասել է 3.5 անգամ», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։