«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատողը՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունը, որը Հայաստանում է աշխատում 2012 թվականից, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առաջին և երկրորդ ծրագրերի իրականացման համար համակարգչային կառավարմամբ աշխատող 2 խոշոր բետոն փռող մեքենա էր ներմուծել: Մեկն այս պահին կանգնած է մաքսային պահեստում և շուտով դուրս կգա Հայաստանից, գրում է «Հրապարակ» օրաթերթը, որի տեղեկություններով, ընկերությունը մտածում է Հայաստանից հեռանալու մասին:
Թերթի թղթակցի այն հարցին, թե արդյոք աշխատանքները դադարեցրել են և այդ պատճառով է, որ մեքենաները գնում են Հայաստանից, ընկերության տնօրենի օգնականը (անունը չի նշվում) պատասխանել է․ «Աշխատանքները դադարեցված են, բայց ակնկալիքով, որ կկարգավորվի ամեն ինչ և դրանք կվերսկսվեն։ Մեր կողմից չկա այնպիսի բան, որ մենք հրաժարվում ենք աշխատանքից։ Հուսով ենք, որ կկարգավորվի ամեն ինչ։
«Ի՞նչը պետք է կարգավորվի» հարցին տնօրենի օգնականը պատասխանել է, թե իրավասու չէ պատասխանել։
Թերթը գրում է, որ Տրանստորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այլ պատճառաբանություն էր բերել՝ կապված աշխատանքների դադարեցման հետ։ «Դժվարություններ կան՝ կապված հողօգտագործման հետ․ 17 գործ ունենք դատարանում, բայց նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»,֊ ասել էր նա ԱԺ֊ում։
Թերթի հետ զրույցում նախարարը նշել է, որ տեղեկությունը, թե իսպանական ընկերությունը գնում է, սուտ է։
«Մեքենաներից մեկը լավ չի աշխատում, և դա հանում են»,֊ ասել է նա՝ հերքելով, որ «Կորսան» ընկերության հետ խնդիրներ կան։ Բեգլարյանի խոսքով՝ մինչև գիշերը և ցերեկը +8 աստիճան չլինի, աշխատանքները չեն կարող սկսել։
«Ոչ մի խնդիր չկա։ Հիմա սպասվում է, որ ապրիլի 4-ին մենք այդ եղանակը կունենանք և աշխատանքները կսկսենք», ֊ ասել է նախարարը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում