Ապրիլի 1֊ից սկսած՝ բոլոր այն խանութներում, որոնց շրջանառությունը տարեկան գերազանցել է 58 միլիոն դրամը, հաճախորդներին տրվող ՀԴՄ կտրոնների վրա պետք է առկա լինի գնված ապրանքների ամբողջ ցանկը՝ գներով հանդերձ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ նշելով, որ սա արվում է «ստվերի դեմ» պայքարի ուղղությամբ իրականացվող «բարեփոխումների» շրջանակներում։
Թերթը փոխանցում է, որ, ըստ որոշ հաշվարկների, ՀԴՄ կտրոնների սպառումը մեծանալու է 3․5֊ից 4 անգամ։
«Սա ուշագրավ է նրանով, որ ՀԴՄ կտրոնների համար նախատեսված թղթի ներկրման բիզնեսը Հայաստանում արդեն տարիներ շարունակ միանձնյա իրականացնում է «Ալեքսերվ» անունով ՍՊԸ֊ն։ Վերջինիս գրանցման հասցեն համընկնում է «Յուքոմ» ընկերության գրանցման հասցեի հետ, իսկ վերջինս, ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին»,֊ գրում է «ՀԺ»֊ն՝ ընդգծելով, որ չնայած «Ալեքսերվ» ընկերությունը ՀԴՄ կտրոնների բիզնեսի շնորհիվ ունի հսկայածավալ շրջանառություն, այդուհանդերձ, ներառված չէ ՀՀ առաջին 1000 հարկատուների ցուցակում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում