Ուրբաթ օրը ԴԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի տուն և ընտանիքի անդամներին տեղեկացրել, որ երեք օրվա ընթացքում պետք է վճարեն սահմանված 2000 դոլարը, գրում է «Հրապարակ» թերթը։
Ըստ Ավետիսյանի դեմ առաջադրված մեղադրանքի՝ նա 2 հազար դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ վերջինիս թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։
Վոլոդյա Ավետիսյանի ընկերները նախաձեռնել են դրամահավաք, որի ընթացքում հավաքվել է 200 դոլար։
«Գումարը բավական քիչ էր հավաքվել, քանի որ սպասելու ժամանակ չունեինք, համատեղ ընկերներից մեկն իր բնակարանը գրավի տակ դրեց, ու գումարը մուծեցինք պետությանը», ֊ ասել է Վոլոդյա Ավետիսյանի ընկերներից մեկը՝ Գագիկ Սարուխանյանը։
Դրամահավաքը շարունակվում է, քանի որ Ավետիսյանների ընտանիքն այդ գումարը հետ վերադարձնելու նպատակով է վերցրել։
«Ամերիա» բանկում բացված հաշվեհամարներն են․
1570018296030200 – ՀՀ դրամ
1570018571170101 – ԱՄՆ դոլար
Բանկային հաշիվները Վոլոդյա Ավետիսյանի կնոջ՝ Մարգարիտա Բաղրամյանի անունով են։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։ Ավետիսյանի հարցը Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հարց ուղղելով Օհանյանին՝ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ անցյալ տարվա մայիսից ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքար են սկսել, և Վոլոդյա Ավետիսյանը խնդիրները բարձրաձայնել է Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո նրան ձերբակալել են խարդախության մեղադրանքով։ Հետագայում ԱԺ-ն համաներում է հայտարարել, սակայն Ավետիսյանի հոդվածին խարդախության մեղադրանքով ևս մի դրվագ է ավելացվել և նա համաներմամբ չի ազատվել, ինչը, ըստ Փաշինյանի, հիմք է տալիս կարծել, թե ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։