Մարտի 31-ին Բաքվի օդանավակայանում առանց որևէ բացատրության բերման է ենթարկվել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Գոգիան, ով Բաքու էր ժամանել իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Ինթիգամ Ալիևի գործերով դատական նիստերին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է, որ Գոգիային օդանավակայանում 31 ժամ պահելուց հետո, նրան են վերադարձրել անձնագիրն ու առանց որևէ բացատրության հետ ուղարկել Թբիլիսի:
«Գոգիայի մուտքի արգելքը վկայում է այն մասին, թե որքան հեռու են գնացել մարդու իրավունքների ոտնահարումներն Ադրբեջանում»,- ասել է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով կազմակերպության տնօրեն Հյու Վիլյամսոնը՝ ընդգծելով, որ սա առաջին դեպքն է, երբ արգելվել է Human Rights Watch-ի ներկայացուցչի մուտքը որևէ երկիր:
«[Ադրբեջանի իշխանությունները] չեն ցանկանում՝ որևէ մեկը տեսնի, թե իրենք ինչեր են արել»,- հավելել է Վիլյամսոնը:
«Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ՝ իշխանություններն ավելացրել են ճնշումները երկրի ներսում քննադատական ձայների, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ հարցեր բարձրացնող միջազգային կազմակերպությունների նկատմամբ: Եվրոպական խաղերի հյուրերին ընդունելու պատրաստակամության, ազատության ու անվտանգության մասին իշխանությունների հայտարարությունների ֆոնին՝ պաշտոնական Բաքուն երկրից վռնդում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին»,- ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: